Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Այս մասին տեղեկացրել է Քոչարյանի փաստաբանական թիմը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում կքննի դատավոր Ռուբեն Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը եւ մերժվել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաեւ տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:



























