Երեւանում՝ ՍԾՏՀ ԽՎ-ի 52-րդ նիստին Ուկրաինայի պատվիրակությունը փորձեց օրակարգում ներառել նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ միջադեպը:

Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Խլայնն ընդգծեց, որ լարվածության պայմաններում դժվար է խոսել համագործակցության մասին:

Ուկրաինական կողմը բողոք հայտնեց ռուսական կողմի գործողություններին, պահանջեց Ուկրաինայի նավաստիներին անհետաձգելի  օգնություն տրամադրել, ապահովել նրանց անհապաղ, անվտանգ վերադարձը հայրենիք, գույքի վերադարձ եւ վնասների փոխհատուցում, ինչպես նաեւ Կրեմլին մեղադրեց լարվածության աճի համար:

Ուկրաինայի պատվիրակությունը նաեւ կոչ  արեց արդյունավետ միջոցներ ձեռնարկել «ռուսական ագրեսիան ցամաքում եւ ծովում դադարեցնելու համար,  պատժամիջոցներ կիրառել եւ տարածքային ամբողջականությունը վերականգնել», տարածաշրջան դիտորդներ հրավիրեց:

Ի պատասխան, ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլայ Կոլոմեյեսեւը նշեց, որ նա մոտ 20 տարի աշխատել է կազմակերպությունում եւ շեշտեց, որ սա միակ կազմակերպությունն է, որը 25 տարիների ընթացքում չի քաղաքականացվել: «Ընտրությունների նախօրեին քաղաքական հայտարարություններ անելը կոռեկտ չէ, իսկ միտումնավոր շփոթություն առաջացնելն առավել եւս կոռեկտ չէ», - ասաց նա՝ ընդդիմախոսին առաջարկելով ծանոթանալ ուկրաինացի նավաստիի ցուցմունքներին, քննարկումը դադարեցնել եւ շարունակել քննարկումը ըստ օրակարգի: