ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի:

Նշենք, որ այս պահին Ալումյանը շարունակում է ներկայացնել պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:

Մինչ դատական նիստի վերսկսումը Ալումյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ծանոթացել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշմանը: «Դատավորը գտել է, որ ինքնաբացարկի հիմքեր չկան, եւ որ օրենքով նախատեսված ընթացակարգ է, որ դատարանի նախագահն ինքն է որոշում, թե որ դատավորը պետք է գործը քննի: Նախ ինքը ընդգծում է, որ դա օրենքով է նախատեսված, դրանից հետո անդրադառնալով վիճակահանությանը,  նշում է, որ վիճակահանությունը կատարվել է նրանով, որպեսզի կամայականությունն այդ որոշումը կայացնելիս բացառվի: Դա մեզ բավարարող պատճառաբանություն չի, որովհետեւ օրենքով նման բան նախատեսված չէ՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ի թիվս այլ իրավունքների նախատեսում է, որպեսզի անձի վերաբերյալ գործը քննող դատարանը օրենքի հիման վրա»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանն մասնակի բավարարել է դատախազության կողմից ներկայացված բողոքը, եւ խափանման միջոցի վերաբերյալ հարցը ուղարկել նոր քննության: