Դատարանների նկատմամբ ճնշումները այսօր արդեն հրապարակային են. փաստը առկա է, որը խայտառակ փաստ է եւ որի շարունակությունը մենք այսօր տեսանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմանը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի:
Դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպանական կողմը նշում է, որ դատարանների վրա ճնշում կա իշխանության կողմից եւ կայացվել է քաղաքական որոշում, սակայն վերաքննիչ դատարանը այս տարվա օգոստոսի 13-ին որոշում կայացրեց եւ ազատ արձակել նրան, պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանեց.
«Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Քոչարյանին, որովհետեւ կարողացավ դիմակայել այդ պահին գոյություն ունեցող ճնշումներին: Դրանից հետո ճնշումները սաստկացան: Դուք հիշում եք՝ օգոստոսի 17-ին ինչեր էր ասում պարոն վարչապետը Հանրապետության հրապարակում, բացահայտ սպառնալիքներ էին հնչում դատավորների հասցեին: Բոլորի համար պարզ է, որ այդ սպառնալիքների թիրախն այն դատավորն է, ով հանդգնել է պարոն Քոչարյանին ազատ արձակել: Դուք երեւի տեղյակ եք, որ կեղտոտ հայհոյանքներ էին համացանցում այդ դատավորի եւ նրա հարազատների հասցեին:
Ես օրերս բրիֆինգում հայտարարեցի, որ դեկտեմբերի 4-ին, երբ դատարանն ավարտեց դատաքննությունը, նույն օրը պարոն վարչապետի կողմից էլի սկսեցին սպառնալիքներ հնչել դատավորների հասցեին: Սպառնալիքի իմաստը հետեւյալն էր, որ մենք նախկին իշխանություններին կբերենք դատարան ու կպատժենք, իսկ եթե կլինեն դատավորներ, որոնք իրենց չեն պատժի, մենք կպատժենք այդ դատավորներին: Շարունակությունն էլ այն էր, որ հիմա կառավարությամբ եւ խորհրդարանով հնարավորություն ունենց ցանկացած դատավորի պատժելու: Այդ սպառնալիքները հասան իրենց նպատակին, այսօր հրապարակվեց մի որոշում, որը իրավաբանական որեւէ բաղադրիչ իր մեջ չի պարունակում: Այդ որոշման հիմքում ամբողջությամբ այդ սպառնալիքներն են»:
Նա նկատեց, որ ցցավոք, հիմա գործը հանձնվել էր այնպիսի դատավորի, որը վերաքննիչ դատարանում սպառնալիքների նկատմամբ առավել խոցելիներից մեկն է. «Այսինքն այն դատավորներից է, որն ամենաքիչ շանսերն ունի դիմակայելու սպառնալիքներին: Ինքն էդ դատավորը չի, այդ ներքին ուժը չի կարող ունենալ: Այդ ճնշումները ապացուցելու կարիքն էլ չկա, քանի որ գաղտնալսումների բովանդակությանը ծանոթ եք եւ պարզ է, թե ինչ է եղել կոլիսների հետեւում: Ստացվում է, որ գրավ կիրռելու միջնորդություն ներկայացնելու փոխարեն այդ մասին պետք է խնդրել ՀՔԾ պետին»:
Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նույն խնդրին անդրադառնալով ասաց. «Չհամեմատեք դատավոր Ալեքսանդր Ազարյանին դատավոր Հրաչիկ-վաչիկի հետ»: Նա կոչ արեց մտնել դատարանների կայքը եւ տեսնել, թե վարկանիշով որ տողի վրա է գտնվում դատավոր Ազարյանը եւ որ տողի վրա՝ Վաչե Մարգարյանը: «Խոսքը քաղաքացիական արիության մասին է: Մեկն ունի դա, մյուսը՝ նիխտ»:




























