Այս օրերին Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ է շփվում լրատվամիջոցների, քաղաքական դաշտի ներկայացուցիչների, հասարակական գործիչների հետ, քան նախորդ տարիներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ վերադարձել է քաղաքականություն:

«Մենք ուզում էինք դեկտեմբերին գրքի շնորհանդեսն անել, ինչը, ըստ էության, մոեզ թույլ չտրվեց: Մենք փետրվարին պատրաստվում էինք քաղաքական միավորի ստեղծման հիմք դնել, ինչը առայժմ չեմ կարող պլանավորել հայտնի պատճառներով»,-ասաց նա:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ նշեց, որ իրենք Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնության էին եկել, որ Ռոբերտ Քոչարյանը իր հրապարակային շփումների ժամանակ չի խոսելու, չի լուսաբանելու իր քրգործի մանրամասները. «Որովհետեւ հետագայում մեկնաբանվելու էր, որ փորձ է արվում ինչ-որ ձեւով քրեական գործի վրա ազդեցություն ունենալ: Այդպես էլ նա վարվեց»:

Ալումյանը նշեց, որ երբ իրենք վարույթ իրականացնող մարմնից հետաքրքրվել են, թե ինչով է պարոն Քոչարյանը խոչընդոտում քրեական գործին, նրանք պատասխանել են, որ նա հարցազրույցներ է տալիս տարբեր լրատվամիջոցների. «Այստեղ մենք հասկացանք, որ այդ հարցազրույցներն անհանգստացնում են քննչական մարմինին, թեեւ դրանք որեւէ կերպ չեն ավերաբերվում քրեական գործին: Այն փաստը, որ պարոն Քոչարյանը քննադատում է այսօրվա որոշ պրոցեսներ, դա մտահոգություն է առաջացրել: Դա շարժառիթներից մեկն է, որ փորձում էին կալանավորել Քոչարյանին»: