Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մեջ իրավական կոնտեքստ չկա: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգություն կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով, շատ հայտարարություններ արվում են անհիմն եւ զուտ քաղաքական ենթատեքստ ունեն:

«Երկրորդ նախագահի կալանքն աջակցող դիրքորոշումները հաճախ հնչում են նրանցից, ովքեր իրավասու չեն այդ թեմաներով խոսել, շատ հայտարարություններ արվում են միայն իշխանություններին դուր գալու նպատակով», - ասաց Իսագուլյանը:

Նա հավելեց, որ ներկայիս իշխանություններին հարկավոր է սթափ գնահատել իրավիճակը, հասկանալ քաղաքական իրողությունները եւ միայն հետո ընդունել այս կամ այն որոշումը:

«Արմատական հարցերի լուծման համար Հայաստանը պետք է կլոր սեղան կազմակերպի ինչպես ներկայիս քաղաքական, տնտեսական, հոգեւոր վերնախավի ներկայացուցիչների մասնակցությամբ, այնպես էլ նախկին եւ միասնական զարգացման օրակարգ ձեւավորի», - ասաց Իսագուլյանը: