Գերմանիան հավակնում է ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամի տեղին, որը նա պետք է ստանա համաշխարհային կազմակերպության բարեփոխումների արդյունքում։ Այս մասին dpa-ին տված հարցազրույցում հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Խայկո Մասը։
Նրա խոսքերով՝ 70 տարի առաջ ստեղծված կազմակերպության կառուցվածքը «հնացել է», եւ բարեփոխումների արդյունքում այն պետք է ավելի լավ «արտացոլի ժամանակակից աշխարհում ուժերի տեղաբաշխումը»՝ տեղեկացնում է DW-ն։
Մասն ընդգծել է, որ Գերմանիան իր վրա միջազգային խնդիրների լուծման ավելի մեծ պատասխանատվություն է վերցրել, եւ միաժամանակ բախվում է միջազգային հանրության աճող սպասելիքներին։ Սակայն, ըստ նրա, կլիմայի փոփոխությանը, թվայնացմանը, միգրացիային եւ նման այլ հարցերի վերաբերող գլոբալ խնդիրները լուծել կարելի է միայն միջազգային համագործակցության միջոցով։





























