ԱՄՆ-ում, ՄԱԿ-ում, Արաբական երկրների լիգայում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Մալազիայում, Հնդկաստանում եւ Բանգլադեշում Լիբիայի դեսպանները հրաժարական են տվել եւ հրաժարվել Մուամար Քադաֆիի կառավարությունից, հաղորդում է «Al Jazeera»-ն:
Ըստ լուրերի, նրանք աջակցել են ցուցարարներին եւ կոչ են արել միջազգային հանրությանը միջամտել:
Դիվանագետներից մեկը Լիբիայում կատարվող իրադարձությունները «ցեղասպանություն» է որակել:
ԱՄՆ-ում Լիբիայի դեսպանը հայտարարել է, թե չի կարող աջակցել մի կառավարության, որն սպանում է սեփական ժողովրդին:
Լիբիայի քաղաքներում փետրվարի 15-ից շարունակվում են ցույցերը երկիրը 40 տարուց ավելի ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով:
Փետրվարի 22-ի գիշերը Քադաֆին հայտնվել է ազգային հեռուստատեսության եթերում եւ հաղորդել, թե չի լքել երկիրը: «Ես գտնվում եմ Տրիպոլիում, այլ ոչ Վենեսուելայում, ինչպես հաղորդում են կեղծ շշուկները»,- ասել է Քադաֆին:





























