Լոնդոնի Բելմարշի դատարանում վերսկսվում են WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու գործով դատական լսումները: Սպասվում է, որ դատավոր Հովարդ Ռիդլը որոշում կկայացնի 39-ամյա Ասանջին Շվեդիայի իշխանություններին հանձնելու մասին: Դատական լսումների սկիզբը նախատեսված է այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան (Երեւանի ժամանակով 14:00-ին):
Շվեդիայում Ասանջին կասկածում են սեռական բնույթի հանցագործության մեջ: Սկանդալային կայքի ստեղծողն այդ մեղադրանքները չի ընդունում: Նրա դատապաշտպանները սկսված գործը համարում են քաղաքական դրդապատճառներ ունեցող: Պաշտպանների վարկածով, շվեդական իշխանությունները գործում են ԱՄՆ իշխանությունների հրահանգով, որը մտադիր է WikiLeaks-ի հիմնադրին պատժել ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:
ԱՄՆ-ում պետական գաղտնիք հրապարակելու համար Ասանջին մահապատիժ է սպառնում: Շվեդիան հերքում է, որ իր գործողությունները կապված են ԱՄՆ կողմից որեւէ ճնշմամբ:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանջը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, երբ WikiLeaks կայքը ԱՄՆ պետդեպարտամենտի հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակեց, որոնք վերաբերում են Աֆղանստանում եւ Իրաքում տեղի ունեցած դեպքերին:
Ասանջը ձերբակալվել է Լոնդոնում 2010-ի դեկտեմբերի 7-ին՝ Շվեդիայի դատախազության հարցումով: Դեկտեմբերի 16-ին Լոնդոնի դատարանի որոշմամբ, նա գրավով ազատ է արձակվել: Այդ օրվանից Ասանջը տնային կալանքի տակ է: Նա ապրում է Լոնդոնից դուրս, իր ընկերոջ՝ Վոն Սմիթի տանը: Այս ընթացքում նա հասցրել է բազմաթիվ հարցազրույցներ տալ:





























