ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները շաբաթ քվեարկել են այն բանի օգտին, որպեսզի ԱՄՆ առաջարկով քննարկման դրվի Վենեսուելայում իրավիճակի հարցը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Կողմ է քվեարկել ինը երկիր, դեմ՝ չորս, երկու երկիր ձեռնպահ է մնացել։

Նիստի սկզբին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան դեմ է արտահայտվել՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Վենեսուելայից բխող եւ հենց Վենեսուելայի մեջ սպառնալիք չի տեսնում։ Նրան առարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը մեղադրել է հումանիտար ճգնաժամի մեջ եւ առաջարկել այնուամենայնիվ քննարկել հարցը։

Չորեքշաբթի Կարակասում սկսվել են զանգվածային ցույցեր ընդդեմ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի։ Երկրի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն այդ նույն օրն իրեն հռչակել է պետության ժամանակավոր նախագահ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում։ ԱՄՆ-ը եւ մի շարք երկրներ հայտարարել են, որ ընդունում են Գուայդոյին եւ պահանջել են Վենեսուելայի նախագահ Մադուրոյից, որի ընտրությունը նրանք չեն համարում օրինական, թույլ չտալ ուժային գործողություններ ընդդիմության դեմ։ Մադուրոն իրեն հայտարարել է սահմանադրական նախագահ, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին անվանել է «ԱՄՆ խամաճիկ»։

Բացի այդ, նա խզել է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ եւ պահանջել ամերիկյան դիվանագետներից հեռանալ երկրից 72 ժամվա ընթացքում։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրաժարվել է ընդունել այդ պահանջները՝ հայտարարելով, որ Մադուրոն լիազորություններ չունի նման որոշում կայացնելու համար։

Ներկայում, բացի ԱՄՆ-ից, Գուայդոյի կարգավիճակը որպես պետության ժամանակավոր ղեկավար ընդունել են Բրազիլիան, Կանադան, Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան եւ մի շարք այլ երկրներ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան հայտարարել են, թե մտադիր են ճանաչել Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ, եթե Վենեսուելայում ութ օրվա ընթացքում նոր ընտրություններ չհայտարարվեն։