Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան Պակիստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցրել են՝ իր օդային տարածքը փակելու Իսլամաբադի որոշման պատճառով, հայտնում է Al Arabiya-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պակիստան եւ այնտեղից թռիչքները չեղարկել են Saudi Arabian Airlines-ը, Gulf Air-ը, Qatar Airways-ը, Kuwait Airways-ը, ինչպես նաեւ ԱՄԷ-ում գրանցված բոլոր ավիափոխադրողները: Հինգ երկրների իշխանությունները հայտարարել են, որ թռիչքները կվերականգնվեն երկրի օդային տարածքը բացելուց հետո:
Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները հայտարարել էին օդային տարածքը փակելու մասին: Ավիաանձնակազմի իրազեկումների միջազգային համակարգի՝ NOTAM-ի (NOtice To AirMen) տեղեկություններով սահմանափակման միջոցները կգործեն մինչեւ փետրվարի 28-ը:





























