Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից մեկն է, 2018 թվականին երրորդ երկրներից 65 հազար ավտոմեքենա է ներկրել: Մարտի 4-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց նրա նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից  պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ 2017-ին Հայաստանը երրրոդ երկրներից ներկրել է 37 հազար մեքենա:

«Ստացվում է, որ տարվա ընթացքում մենք համարյա կրկնակի աճ ենք արձանագրել այդ ուղղությամբ», - նկատեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ 2020-ից մեքենայի մաքսատուրքը կախված կլինի շարժիչի հզորությունից:

Սա ըստ Մելքումյանի, կհանգեցնի նրան, որ ներկրվող մեքենաների արժեքը կավելանա 4, նույնիսկ 5 անգամ:

Այդ կապակցությամբ Մելքումյանը դիմեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին ՝առաջարկելով  ԵՏՄ գործընկերներին խնդրել հանրապետության համար մաքսատուրքերի պարտադիր բարձրացումը հետաձգել 5 տարով:

Ի պատասխան նախարարը հայտարարեց, որ Հայաստանն ավելի վաղ նման խնդրանքով արդեն դիմել է իր եվրասիացի գործընկերներին եւ հանրապետության համար արդեն հետաձգում է արվել: