«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ մարտի 14-ին, փակ դռների հետեւում բավական երկար ժամանակ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երբ Մարուքյանը դուրս եկավ Միրզոյանի աշխատասենյակից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին այդքան քննարկում։

«Փակ դռների հետեւում բան չէինք քննարկում: Քանի որ խորհրդարանում հանդիպում եղավ Վրաստանի նախագահի հետ, ուղղակի քննարկում էինք տպավորությունները, եւ նաեւ տարբեր կոնսուլտացիաներ: Բացի դրանից՝ ես ճշտում էի Սահմանադրության մեր փաթեթի ճակատագիրը, որովհետեւ մենք ուղարկել ենք ԱԺ նախագահին, խմբակցություններին:

Մենք ԱԺ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ Գերմանիա այցից հետո նստենք ու քննարկենք, թե ինչպես ենք շարժվում առաջ, որովհետեւ խորհրդարանն այս առումով պետք է լինի բարեփոխումների շարժիչը»,-ասաց Մարուքյանը:

Նա կարծիք հայտնեց, որ թե՛ Ընտրական օրենսգրքի, թե՛ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ շատ արագ պետք է քննարկումներ սկսել. «Նախ` քննարկել քննարկման ձեւաչափը՝ արտախորհրդարանական ուժերին էլ ենք ներգրավո՞ւմ, քաղհասարակությանը, թե ինչպե՞ս»: