Որ տղամարդկանց շատ արարքներ նյարդայնացնում են կանանց, հայտնի ճշմարտություն է, բայց թե իրենց կողակիցների հատկապես ո՞ր բնավորությունն է հավասարակշռությունից հանում հայ կնոջը, NEWS.am-ի թղթակիցը փորձեց պարզել Երեւանում անցկացրած փոքրիկ հարցման  արդյունքում։

29-ամյա դերասանուհի Ելենան նշեց, որ իրեն հունից հանում է հատկապես տղամարդկանց անտարբերությունը եւ անուշադիր լինելու հանգամանքը։ «Օրինակ, նյարդայնանում եմ, երբ տղամարդը տառապում է վատ հիշողությամբ, չի հիշում, ասենք  ամուսնության տարեդարձը, իր կողակցի ծննդյան օրը կամ այլ կարեւոր իրադարձությունների տարեթվեր։ Բացի այդ, նյարդայնացնելու աստիճան վրդովեցնում է, երբ տղամարդը չափից շատ է կարեւորում իր անձը՝ կնոջ հետ հարաբերություններում իրեն համարելով ավելի մեծ իրավունքներով օժտված մեկը»։

30-ամյա թուրքագետ Արմինեն էլ ասաց, որ իրեն հունից հանում է հայ տղամարդու «քյարթու» լինելը։ «Առաջին հերթին կցանկանայի, որ նրանք համապատասխանեին «տղամարդ» բառի բուն իմաստին, որ լինեին ավելի ժամանակակից ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով։ Ինչ մնում է նրանց բնավորության մյուս թերություներին, ապա դրանց կարող եմ ներողամտորեն վերաբերել»։

Տարրական դասարանի ուսուցչուհի Անուշն էլ ավելացրեց, որ «քաշված է» իր ամուսնու ձեռքը։ «Ինձ հունից հանում են նրա բնավորության շատ գծեր, բայց ի՞նչ անեմ, ստիպված եմ տանել, «ընկել ես, պիտի քաշես» տարբերակն է»,- ասաց նա։

Թարգմանչուհի Աննան էլ ասաց, որ հայ տղամարդկանց թերություններից մեկն այն է, որ նրանք ավելի շատ խոսում, քան գործում են։ «Եթե նրանց հարցնես՝ ի՞նչ են պատրաստ անել իրենց կանանց համար, կասեն՝ ամեն ինչ։ Բայց երբ բանը հասնում է գործին, ոգեւորությունից հետք չի մնում»։

54-ամյա տնային տնտեսուհի Անահիտն ավելացրեց, որ ինքն այլեւ այն տարիքում է, երբ սովորել է ամուսնու «քմահաճույքներին» եւ նրա բնավորության որոշ ծանր գծերի հանգիստ է վերաբերում։ «Մենք լավ ենք հասկանում իրար»,- նշեց նա։

Իսկ ահա լեզվագետ Տաթեւիկն անտանելի համարեց հատկապես տղամարդկային ցինիզմը։ «Ցինիզմը հաճախ նույնացնում եմ անտարբերության հետ։ Ցինիկ մարդու հետ ապրելը շատ դժվար է։ Ամեն բանի սարկազմով, անտարբերությամբ վերաբերող տղամարդիկ անտանելի են»:

Հարցին, թե հայ հասարակությունունում եւ կոնկրետ հայ ընտանիքներում ի՞նչ սրությամբ է դրված տղամարդկանց գերակայության հարցը, հարցված կանանցից շատերը նշեցին, որ ամբողջ սրությամբ եւ որ հայ տղամարդն իր տեսակով բռնապետ է. կինը, ուզի, թե ոչ, մեծամասամբ կախման մեջ է նրանից։ «Միշտ մտքիս են գալիս հայտնի երգի բառերը` «This is a man´s world»: Այո՛, Հայաստանում, գոնե այդպես է, այդ բառերը մեր հասարակության համար են»,- եզրափակեց Տաթեւիկը։

Պատրաստեց Անի Ղազարյանը