ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարությունը եւս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ-ի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր հարց է մնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, մեկնաբանելով Գորդոնի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ը համամիտ չէ Անկարայի այն տեսակետին, թե Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի, եթե առաջընթաց արձանագրվի ղարաբաղյան բանակցություններում:
«Դրանով ԱՄՆ-ն ընդգծում է, որ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններն են պատճառը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կասեցվել է: Այդ առումով, Հայաստանի դիրքորոշումը պարզ է, նոր բանակցություններ չեն լինի, չեն կազմվի նաեւ նոր արձանագրություններ: Գոյություն ունի այն, ինչ գոյություն ունի եւ եթե Թուրքիան իր մեջ ուժ գտնի ու համաձայնի առկա արձանագրություններին, երկխոսություն միշտ էլ հնարավոր է»,- ասաց պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը համամիտ չէ Թուրքիայի այն տեսակետի հետ, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան կարող է վավերացնել, եթե առաջընթաց լինի ղարաբաղյան բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին:
«ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից եւ ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Թուրքիան ասում է, որ ինքը կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի ԼՂ խնդրում, սակայն ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որեւէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի սկզբանե, եւ այս դիրքորոշումը պահպանվում է: ԱՄՆ գտնում է, որ կողմերը պետք է առաջ ընթանան, վավերացնեն արձանագրությունները»,- ասել է Գորդոնը:





























