Վրաստանի դիրքորոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության շուրջ բանակցություններում մնում է նույնը. Պաշտոնական Թբիլիսին պահանջում է իր վերահսկողության տակ վերադարձնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող մաքսային անցակետերը: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Նրա խոսքով, վրացական կողմը հետեւողականորեն պնդելու է իր դիրքորոշումը, այդ թվում նաեւ մարտի 9-ին Բեռնում սկսվող երկխոսության ժամանակ: Նախօրեին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին նույնպես հայտարարել է, որ «Վրաստանը կպաշտպանի Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին, եթե Կրեմլը համաձայնի Վրաստանի հսկողությանը հանձնել Աբխազիայում եւ Ցխինվալի շրջանում գտնվող մաքսակետերը»:
«ԱՀԿ-ն ունի կոնկրետ տնտեսական պահանջներ, որոնցից ամենագլխավորն այն է, որ երկրների միջեւ առեւտուրը պետք է թափանցիկ լինի: Համապատասխանաբար, մենք պահանջում ենք, որ Թբիլիսին հնարավորություն ունենա իմանալու, թե ինչ ապրանքներ են մուտք գործում Աբխազիա եւ Ցխինվալի եւ ինչ ապրանքներ են այնտեղից դուրս բերվում: Թե ով կոնկրետ կիրականացնի այդ վերահսկողությունը՝ բանակցությունների առարկա է»ընդգծել է Մինաշվիլին:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Բեռնում բանակցություններ կսկսվեն Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ: Ներկայումս Վրաստանը խաչընդոտում է Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցությանը:





























