Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Ֆրանսիայի Ազգային ժողով եւ հանդիպել մի խումբ պատգամավորների հետ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Ազգային ժողովի դերակատարությունը ԼՂ եւ Ֆրանսիայի երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ այն համարելով կարեւոր, թե՜ քաղաքական եւ թե մարդասիրական տեսանկյուններից:

ԼՂ նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին եւ նրա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին ղարաբաղյան հիմնախնդիրը օբյեկտիվորեն ներկայացնելու,  Եվրոպայում Արցախի ճանաչելիությանը նպաստելու եւ Մեծ Եղեռնի ճանաչմանն ուղղված հետեւողական ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում արծարծվել է Արցախի ներքին եւ արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը եւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: