Տրասպորտային  ընկերությունները հրաժարվում են սպասարկել Շիրակի մարզի միջհամայնքային ուղղությունները՝ պատճառաբանելով, որ այդ աշխատանքը շահութաբեր չէ, եկամուտ չի մնում եւ ընկերությունները մինչեւ հիմա վնասով են աշխատել: Գյումրի-Ախուրյան, Գյումրի- Աշոցքի հեռավոր գյուղեր, Գյումրի-Վարդաղբյուր-Մուսայելյան, Գյումրի-Գուսանա, Գյումրի- Վարդաղբյուր-Մուսաելյան- Հարթաշեն եւ ուրիշ այլ ուղղությունների սպասարկող ընկերություններ առայժմ չկան:

Մարտի 11-ին միջհամայնքային այդ ուղղություններին ավելացել է եւս մեկը, որը տրանսպորտային ընկերությունը հրաժարվում է սպասարկել: Գյումրի-Արթիկ –Անուշավան-Գետափ –Գեղանիստ ուղղությունը սպասարկող «Լիլիթ- Մարիամ» ՍՊԸ-ն  հրաժարվում է այլեւս այդ ուղղությունը սպասարկել: «Ուղեւոր չկա, իսկ հարկերը բարձր են: Չեն հարցնում` եկամուտ ունե՞նք, շահույթ ունե՞նք: Փոխարենն ասում են հարկերը պետք է վճարել` գումարած կենսաթոշակայինը: Վնասով ենք աշխատում»,- NEWS.am-ի թղթակցին ասել է երթուղին նախկինում սպասարկող ընկերության տնօրեն Ռուբիկ Բաղդասարյանը:

Շիրակի մարզպետարանը առայժմ խնդրին ժամանակավոր լուծում է տվել: «Այդ ուղղությունները սպասարկելու պարտավորությունը դրել ենք այլ կազմակերպությունների վրա, հայտարարություն եք տալու եւ կանցկացնենք նոր մրցույթ, որպեսզի ընտրենք նոր սպասարկող ընկերություններ»,- իր հերթին նշել է Շիրակի մարզի մրցութային հանձնաժողովի քարտուղար Ռուբեն Հարությունյանը: