2019 թվականին Թաիլանդում կգործի արտասահմանցի զբոսաշրջիկների պարտադիր բժշկական ապահովագրություն 20 բաթ (65 ցենտ) արժեքով: Երկուշաբթի Bangkok Post պարբերականը հայտնել է, որ արտասահմանցի ճանապարհորդները պետք է պոլիսի համար վճարեն թագավորության օդանավակայանների ներգաղթային բաժանմունքներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թաիլանդի ապահովագրական հանձնաժողովի վարչության տեղեկացմամբ՝ ապահովագրական հավելավճարը կուղարկվի թագավորության տուրիզմի աջակցության հիմնադրամ՝ անսպասելի վճարումների մարման համար: Ենթադրվում է, որ ապահովագրական հավելավճարը հաճախորդի մահվան դեպքում կվճարի մինչեւ 1 մլն բաթ (32,7 հազար դոլար): Ապահովագրությունը մինչեւ կառավարություն փոխանցելը պետք է ստանա երկրի Տուրիզմի եւ սպորտի նախարարության հավանությունը:
Ճանապարհորդությունների ապահովագրումը նախատեսված է Թաիլանդ այցելությունների դեպքում արտասահմանցի զբոսաշրջիկների վստահության ամրապնդման համար: Մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր ապահովագրության մասին ակտիվ խոսակցությունները սկսվել են նաեւ այն բանից հետո, երբ 2018 թվականին Փհուքեթում նավակ էր ջրասույզ եղել, որի հետեւանքով զոհվել էր Չինաստանի 47 քաղաքացի: Տեղական տուրիզմի համար չինական շուկան խոշորագույնն է, որտեղից անցյալ տարի ժամանել է գրեթե 10 մլն այցելու, իսկ ընդհանուր թագավորություն է այցելել մեկ տարում 38 մլն արտասահմանցի: Երկրի Տուրիզմի եւ սպորտի նախարարությունը կանխատեսում է, որ այս տարի ճանապարհորդների թիվը կաճի մինչեւ 40 մլն, իսկ երկրի եկամուտները կկազմեն 2,13 տրլն բաթ (69,69 մլրդ դոլար):
Տուրիզմից ստացված եկամուտը կազմում է թագավորության ՀՆԱ մոտ 18 տոկոսը: Դրա հետ մեկտեղ Թաիլանդի ապահովագրական հանձնաժողովի վարչությունը Նաքհոննայոկ նահանգում սկսել է փորձնական նախագծի իրականացումը: Ըստ ծրագրի՝ տուրօպերատորները ապահովագրությամբ են ապահովում հաճախորդներին եւ գիդերին: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այս նահանգը կատարյալ է փորձնական նախագծի համար, քանի որ այնտեղ ճանապարհորդների հանգստի տարբեր տեսակներ կան, որոնք կապված են վտանգների հետ՝ ռաֆթինգ, լեռնագնացություն, լեռնային հեծանվավարում: 2018 թվականին այս նահանգ է այցելել 2,1 մլն զբոսաշրջիկ:
Տուրիստական բիզնեսի մասին օրենքի համաձայն՝ տուրօպերատորները պարտավոր են հաճախորդներին ապահովել ապահովագրությամբ՝ մահվան դեպքում նվազագույնը 1 մլն բաթ փոխհատուցմամբ կամ 500 հազար բաթով (16,3 հազար դոլար) վնասվածքներ ստանալու դեպքում: Ցանկացած տուրօպերատոր, որը օրենքին չի հետեւի, կարող է տուգանվել մինչեւ 500 հազար բաթով:
Թաիլանդի տարածքում պարտադիր բժշկական ապահովագրության գաղափարն առաջ է քաշվել արդեն մի քանի անգամ: Պատճառներից մեկը պոլիսներ չունեցող զբոսաշրջիկների բուժման բարձր արժեքն է, որոնք երկրում եղած ժամանակ հիվանդացել են կամ վնասվել: Տուրիզմի եւ սպորտի նախարարությունն առաջարկել էր ժամանողներին պարտավորեցնել տարեկան պոլիսներ գնել մինչեւ թագավորություն մուտք գործելը, սակայն այս գաղափարը հետագա զարգացում չի ունեցել: Մայիսի վերջին գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել էր, որ 6 ամսվա ընթացքում զբոսաշրջիկներին կպարտադրեն ժամանելուն պես մուտքի գանձմանը հավելել պարտադիր բժշկական ապահովագրության 100 բաթ (3 դոլար) վճարը:




























