Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ  Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «ՄԱԶ»-ի (Մինսկի ավտոմոբիլային գործարան) ավտոտեխնիկայի ԱՊՀ երկրների վաճառքի ղեկավար Սերգեյ Պապկովիչի հետ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակիրճ ներկայացնելով Երեւանի տրանսպորտային համակարգի խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ փաթեթն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկայում:

Նաեւ հավելել է, որ համակարգն ամբողջությամբ փոխվելու է, եւ ծրագրի իրականացման համար քաղաքապետարանին անհրաժեշտ են լինելու տարբեր տեղատարողությամբ նոր ավտուբուսներ:

Սերգեյ Պապկովիչն իր հերթին ընդգծել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով: Խոսելով ընկերության գործունեության մասին՝ նշվել է, որ շուրջ 75 տարվա պատմություն ունեցող «ՄԱԶ»-ն այսօր զբաղվում է տարբեր մեքենաների, այդ թվում 8, 12 եւ 18 մետր երկարությամբ ուղեւորատար ավտոբուսների արտադրությամբ, որոնք լայն պահանջարկ ունեն եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՊՀ տարածքում: Ավտոբուսները հնարավորություն ունեն աշխատելու ինչպես հեղուկ գազով, այնպես էլ դիզելային վառելիքով:

Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ դաշտն ուսումնասիրելու  նպատակով պարբերաբար հանդիպումներ են լինում ավտոբուս արտադրող տարբեր ընկերությունների հետ, քննարկվում են ավտոբուսների հետագա սպասարկման եւ երաշխիքների հետ կապված մանրամասներ:

Հրաչյա Սարգսյանը նշել է, որ քաղաքապետարանը բաց է փոխգործակցության համար եւ սպասում է Երեւանի համար առանձին առաջարկների: Նաեւ տեղեկացրել է, որ ավտոբուսների ձեռքբերման համար կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ընկերությունները: