Լրագրոող Նարինե Մկրտչյանի կողմից հիմնադրած «Քաղաքական լիգա» կազմակերպությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ առաջարկելով Սահմանադրության շուրջ հրավիրել խորհրդարանական լսումներ, ծավալել քաղաքակական բանավեճեր, Սահմանադրության նախագծի մշակման համար ներգրավել մասնագիտական խմբերի:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանում պետականորեն նշվում է Սահմանադրության օրը: Պետության եւ հասարակության համար Սահմանադրության հզորության աղբյուրը դրա հիմքում դրված արդարության համընդհանուր նորմերի պահպանումը եւ կիրառումն է: Անուրանալի է Սահմանադրության դերն ու նշանակությունը պետության եւ հասարակության կյանքում: Երկրի հիմնական օրենքը պետք է վայելի հասարակության անդամների հարգանքն ու վստահությունը եւ ունենա բարձր լեգիտիմության:
Մինչդեռ ՀՀ գործող Սահմանադրությունը զրկված է այդ ամենից. այն ընդունվել եւ դրանում հետագա փոփոխություններն իրականացվել են ընտրակեղծիքներով ուղեկցվող հանրաքվեների հետեւանքով, որոնց արդյունքները եղել են վիճահարույց հանրության համար: Սահմանադրական բոլոր հանրաքվեները, ըստ էության, եղել են իշխանությունների վստահության հանրաքվե, որոնց հանրությունը մշտապես «ո՛չ» է ասել: Այդեւայլ իրողությունները ՀՀ Սահմանադրությունը զրկել են լեգիտիմությունից:
Հայկական թավշյա հեղափոխության հաղթանակի արդյունքում արատավոր քաղաքական համակարգը փլուզվեց, իսկ նոր քաղաքական համակարգի կառուցումը՝ ազատության, արդարության, ժողովրդավարության հիման վրա, պետություն-հասարակություն նոր իրավահարաբերությունների ձեւավորումը պետք է իրականանային նոր Սահմանադրությամբ, ինչը խոստանում էին նոր իշխանությունները:
Սակայն հեղափոխությունից մեկ տարի անց այդ խոստումները մոռացվել են, Սահմանադրությունը փոխելու նախաձեռնություն իշխանությունը ոչ միայն չի ցուցաբերում, այլեւ փորձում է անտեսել նոր Սահմանադրության ընդունման պահանջները:
Հուլիսի 5-ի առիթով «Քաղաքական լիգան» վերստին դիմում է ՀՀ իշխանություններին՝
Սահմանադրության շուրջ հրավիրել խորհրդարանական լսումներ,
Հանրային հեռուստատեսությամբ ծավալել քաղաքակական բանավեճեր,
Սահմանադրության նախագծի մշակման համար ներգրավել մասնագիտական խմբերի եւ խնդրով շահագրգիռ հասարակական-քաղաքական գործիչների:
Մեկ տարի առաջ մեր հասարակությունը առաջադրել է նոր՝ արդար, գործուն, հզոր պետության վերակերտման պահանջ: «Քաղաքական լիգան» համոզված է, որ այդ կարեւոր նպատակի իրագործման համար անհրաժեշտ է հրաժարվել հին, կարկատած Սահմանադրությունից եւ ընդունել ՀՀ քաղաքացու նվիրական ձգտումներից բխող ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ:
Սահմանադրությունը պետականության կառուցման, ազատության հիմնարար գաղափարի ամրակայման առաջնային իրավաքաղաքական փաստաթուղթն է, եւ այն պետք է ընդունվի հասարակական մեծ համաձայնության արդյունքում՝ իր կենարար ուժը պահպանելով պատմականորեն երկար ժամանակահատվածում:
Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի քաղաքական մտքի գագաթնակետը, թանկ լինի հասարակության յուրաքանչյուր անդամի համար, հետեւաբար՝ նրա դրույթների պահպանությունը, պաշտպանությունը, կիրառումը լինի քաղաքացու ներքին համոզմունքից բխող գործունեություն:
Նո՛ր Հայաստանին՝ Նո՛ր Սահմանադրություն»:





























