Այսօր՝ մարտի 23-ին կայացել է Հայաստանի տարածքային զարգացման հայեցակարգի նախագծի ներկայացման արարողությանը, որին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա իր խոսքում նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը Կառավարության գերակայություններից է, քանի որ քաղաքական, վարչական, տնտեսական, սոցիալական, մշակութային կարողությունների գերկենտրոնացվածությունը Երեւանում խոչընդոտում է մայրաքաղաքի եւ ընդհանուր առմամբ Հայաստանի բնականոն զարգացմանը:

«Այս տարի մենք մարզերին հատկացրեցինք 10 մլրդ դրամ, որպեսզի մարզերը լուծեն իրենց առջեւ ծառացած առաջնային կարեւորության սոցիալական բովանդակության խնդիրներ: Հատկացումը նաեւ հնարավորություն կտա հաղթահարելու տարածքային զարգացման անհամաչափությունները: Այդ տեսակետից նպատակահարմար է, միջազգային փորձից ելնելով, կիրառել հետեւյալ մոտեցումը. գոյություն ունեն հիմնադրամներ, որոնց նպատակը հենց տարածքային համաչափ զարգացման ապահովումն է:

Սա նշանակում է, որ այդ հիմնադրամն ունենում է օբյեկտիվ չափանիշներ, որոնցով ղեկավարվելով իրականացնում է տարածքների զարգացման ֆինանսավորումը: Նման գործիք ունենալու գաղափարը նույնպես հետաքրքրական է, եւ ապագայում մարզերի զարգացմանն ուղղված հատկացումները կիրականացնենք այդ հիմնադրամների միջոցով»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման նախարարության կողմից Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Փաստաթղթում համայնքների եւ մարզերի առանձնահատկությունների հիման վրա մշակվել են ընդհանրացված ցուցանիշներ եւ մոտեցումներ, ինչը թույլ կտա գնահատել համայնքների, մարզերի առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, մասնավորապես, կյանքի որակի եւ տնտեսական զարգացման վրա ծրագրերի եւ ներդրումների իրականացման ազդեցությունը: