Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Քաշմիրի հարցով միջնորդության մասին երբեք չի խնդրել:
Այս մասին Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է Թրամփի հայտարարությունից հետո, հաղորդում է Reuters-ը:
Երեկ Թրամփը Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոդին հունիսին Ճապոնիայում հանդիպման ժամանակ խնդրել է Քաշմիրի հարցով միջնորդ հանդիսանալ: Հնդկաստանում դա քաղաքական փոթորիկ է առաջացրել: Հնդկաստանը ցավագին է արձագանքում Քաշմիրի հարցին երրորդ երկրների ենթադրյալ միջամտությանը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյան Ջայշանկարը հայտարարել է, որ Մոդին երբեք այդ հարցով չի դիմել Թրամփին:
Թրամփի մեկնաբանությունները կարող են սրել Հնդկաստանի հետ քաղաքական կապերը: Հնդկաստանն այժմ առեւտրի պատճառով ճնշման տակ է գտնվում:
«Կրկնում եմ, որ Հնդկաստանի դիրքորոշումն այն է, որ բոլոր չլուծված հարցերը քննարկվում են երկկողմ հիմքով: Ինչպես նաեւ նշեմ, որ Պակիստանի հետ ցանկացած համագործակցություն անդրսահմանային ահաբեկչության դադարեցում է պահանջում»,- նշել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:
Իմրան Հանը հայտարարել է, որ զարմացած է միջնորդության մասին Թրամփի առաջարկի կապակցությամբ Հնդկաստանի արձագանքից;
«Քաշմիրցիները տառապում են եւ ցանկանում են լուծել կոնֆլիկտը»,- ասել է նա:
Պակիստանը հերքում է Հնդկաստանի այն մեղադրանքները, որոնց համաձայն՝ Պակիստանը նյութական աջակցություն է տրամադրում գրեթե 3 տասնամյակ Քաշմիրում հնդկական կառավարման դեմ պայքարող գրոհայիններին:





























