Միջազգային առեւտուրն այն տեսքով, որով մենք գիտենք, կդադարի ապագայում գոյություն ունենալ. փորձագետ

Միջազգային առեւտուրն այն տեսքով, որով մենք գիտենք, կդադարի ապագայում գոյություն ունենալ, դրան կփոխարինի տարածաշրջանային առեւտրային համակարգը: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Hermes Investment Management-ում ներդրումների բաժնի ղեկավար Էոն Մյուրեյը:

Նրա կանխատեսմամբ՝ անդրսահմանային առեւտուրն էական փոփոխություններ կկրի՝ հաշվի առնելով առեւտրային լարվածության պահպանումը:

«Ամիսներ շարունակ մենք կարծել ենք, թե դա ոչ թե պարզապես առեւտրային պատերազմ է, այլ տեխնիկական պատերազմ, որում գլոբալիզացիան փլուզվում է: Մենք, հավանաբար, արդյունքում առեւտրային տարածաշրջաններ, եւ ոչ թե համաշխարհային առեւտուր կունենանք»,- ասել է փորձագետը:  

Նա նշել է, որ չնայած ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմը մեծ ազդեցություն կունենա, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ առեւտրային վեճի ուժգնացումը համաշխարհային առեւտրային պրակտիկայում նույնպես կարող է զգալի տեղաշարժերի ազդանշան դառնալ:

«Առեւտուրն օգտագործվում է որպես զենք: Մենք դեռ երկար ժամանակ առեւտրում լարվածություն կունենանք»,- նշել է Մյուրեյը: