Չինացի երիտասարդների կախվածությունը համակարգչային խաղերից հասել է ահավոր չափերի՝ սպառնալով աճող սերնդի ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը։ Այս մասին գրում է China Daily թերթը, որը վկայակոչում է փորձագետների կարծիքը։
«Խաղային խանգարումները երիտասարդության շրջանում, ներառյալ անչափահասները, լուրջ խնդիր են դարձել ամբողջ աշխարհում, դրա դրսեւորումներն ավելանում են նաեւ Չինաստանում»,- կարծում է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փորձագետ, Պեկինի համալսարանի հոսպիտալի պետ Լու Լինը։ Էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ տեսախաղերի չափից ավելի օգտագործումը երկար ժամանակի ընթացքում կարող է խախտել կյանքի նորմալ ընթացքը եւ դառնալ վարքի խանգարումների պատճառ»,- կարծում է նա։ Երեխաների եւ դեռահասների ուղեղի ճիշտ զարգացմանը, համոզված է փորձագետը, կարող է անդառնալի վնաս հասցվել։ Երեխաների մոտ, օրինակ, նկատվում է կենտրոնանալու ունակության, առհասարակ ուշադրությունը կենտրոնացնելու կարողության կորուստ։
Ներկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն հիվանդություն է համարում կախվածությունն էլեկտրոնային խաղերից։ Չինաստանի կառավարությունն առաջարկել է նաեւ հաջորդ տասը տարվա իր պլանը՝ կոչ անելով ամբողջ հասարակությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների, հատկապես տարրական եւ միջնակարգ դպրոցների աշակերտների ֆիզիկական եւ հոգեկան առողջության հարցերին։ Նրանք պետք է ամեն օր մոտ մեկ ժամ հատկացնեն ֆիզիկական պարապմունքներին մաքուր օդում, մարզախաղերին, իսկ տեսախաղերին՝ 15 րոպեից ոչ ավելի։
Պրոֆեսոր Յան Ֆուդեն, որը ղեկավարում է Պեկինի «Հուլունգուան» հոսպիտալը, կարծում է, որ խաղային կախվածություն ունեցող երեխաները եւ դեռահասները պետք է ուղարկվեն հատուկ բուժհաստատություններ, որտեղ մասնագետները կարող են առնվազն իրավիճակը վերահսկողության տակ պահել։
Չինաստանում չկան վիդեոխաղերի գերության մեջ հայտնված երեխաների ճշգրիտ թվեր։ Չինաստանի տեղեկատվական ինտերնետ-կենտրոնի տեղեկություններով՝ ցանցի ակտիվ օգտատերերի ավելի քան մեկ քառորդը դպրոցականներ են, որոնք 12-16 տարեկանում հեշտությամբ համալրում են խաղամոլների շարքերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Չինաստանի իշխանությունները ստիպված էին ինտերնետ-սրճարանի պատանի այցելուների զոհվելու եւ տրավմայի ենթարկվելու դեպքերից հետո կտրուկ սահմանափակել այդպիսի հաստատությունների թիվը, ինչպես նաեւ արգելել դրանց տեղակայումը դպրոցների մոտ։





























