Ա. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում (ԵրՖի) 50 տարի առաջ մեծ արագացուցիչ է սարքվել, որի հետ բելգիական IBA ֆիրմայի ցիկլոտրոնը պետք չէ շփոթել։
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖի) նախկին աշխատակից, ֆիզիկոս Սասուն Գեւորգյանը պարզաբանում է, թե ինչ ասել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչ եւ ինչ է իրենից ներկայացնում գործարկված ցիկլոտրոնը, որը ներկայացնում ենք ստորեւ՝
1957թ. ՍՍՀՄ մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց Երեւանում կառուցել օղակաձեւ էլեկտրոնային արագացուցիչ: Այդ իսկ թվականից էլ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ սկսվեց ՍՍՀՄ-ում ամենամեծ, իսկ աշխարհում ամենահզոր 6 Գէվ-անոց օղակաձեւ էլեկտրոնային արագացուցչներից մեկի նախագիծը: 1967թ. հոկտեմբերի 25-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ավարտվել են օղակաձեւ էլեկտրոնային արագացուցչի ֆիզիկական շահագործումը, ստացվել է 6.1 Գէվ էներգիա, ստացվել է գամմա փունջ, սկսվել են ֆիզիկական փորձերի իրականացումը: 1970-1991թթ. ընթացքում սինքրոտրոնը գործում էր էներգիաների մինչեւ 4.5 ԳէՎ տիրույթում եւ փորձարարական ֆիզիկայի բաժանմունքում ստացվել են նշանակալից արդյունքներ: Այս հզոր գիտական կենտրոնը հանդիսացավ այն կատալիզատորը, որը զարգացրեց ամբողջ հայաստանյան գիտությունը: Զարգացավ նույնիսկ քաղաքի ինֆրաստրուկտուրան՝ աջափնյակի «ֆիզգորոդոկ»-ը դրա վառ օրինակն է: Սա բաց ինֆորմացիա է եւ կարելի է գտնել բազում աղբյուրներում:
Ինչ վերաբերում է այս վերջին երեւույթին, որը այդպես «ցնցել» էր իշխանություններին: Ցիտում եմ Հայաստանի կառավարության թիվ 306 Ն որոշումը, ինչից սկսվեց այս պրոցեսը: Սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 2009.04. 15/19 (685) հոդ. 384, ընդունող մարմինը՝ ՀՀ կառավարություն, ընդունման ամսաթիվը՝ 19.02. 09, ստորագրող մարմինը՝ ՀՀ վարչապետ, ստորագրման ամսաթիվը՝ 02.04. 09: Այսքան մանրամասն եմ գրում համարների եւ այլ բաների մասին, որովհետեւ այն, ինչ կարդացի այս փաստաթղթի մեջ՝ վեր է իմ երեւակայությունից եւ բոլոր մեջբերումները հատուկ նշում եմ: Որոշմանը կից կա ծրագիր, ինչը կատարելու համար էլ տեղի է ունենում այս ամենը՝ ԵրՖ-ն փակելուց մինչեւ ԱԳԼ բացելը․ «Ծրագիրը նվիրված է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում (ԵրՖԻ) իզոտոպների արտադրության համալիրի տեղադրմանը, որի արդյունքում կստեղծվի ռադիոիզոտոպների արտադրություն՝ հիմնված բելգիական IBA ֆիրմայի Cyclone-30 ցիկլոտրոնի վրա (IBA-lon Beam Application), ինչն իր հերթին հիմք կդնի Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկությանը»: Առանց քննարկելու, թե ինչու Cyclone-30-ի փոխարեն գնեցին Cyclone-18, նշեմ հետեւյալը՝ 10 տարի տեւեց 1957-1967 թթ. պլանավորելուց մինչեւ իրական փունջ ստանալը այն ժամանակ եւ նույն 10 տարին ունենք հիմա՝ 2009-2019թթ.: Բայց հիմա պարտքով վերցրած փողով ընդամենը «խանութից սարք են առել», որը վաճառողն էլ տեղադրել ու փորձարկել է: Մերոնք էլ չորս բոլորը թռվռում են՝ բա տեսա՞ք՝ ինչ արեցինք: Եվ եթե տարիներ առաջ կառուցված հզորագույն սարքը ծառայեց 2-3 տասնամյակ եւ մնայուն գիտական արդյունք տվեց, ապա այս նոր պարտքով գնած ստանդարտ սարքի ձեռքը արդեն կրակն են ընկել: Չգիտեն՝ ինչ անեն: Գիտական ծրագրերի անիմաստության մասին արդեն գրել եմ՝ կրկնվելու ցանկություն չունեմ:
Հստակ երեւում է մի բան՝ մասշտաբային դեգրադացիա 50 տարում: Ինչո՞վ էինք հպարտանում նախկինում եւ ինչի՞ց են «փշաքաղվում» հիմա:
Ինչ վերաբերում է բժշկական հարցերին: Կրկնում եմ՝ դիմեք առողջապահության նախարարին, կարծես թե ռեալ մարդ է: Ես հասկանում եմ, որ այսօր Հայաստանում հայտնվել են մի խումբ երիտասարդներ, որ պատրաստ են կամայական թեմայում «հիմնարար» կարծիք հայտնել: Ընդ որում՝ պատասխանների սպեկտրը լայն է՝ ծիծաղելիից մինչ տխմարություն: Եվ եթե ճշտեք, դրանք հիմնականում վատ կրթություն ստացած կերպարներ են: Բայց դա ուրիշ թեմա է: «Ազատության» լրագրողի տարօրինակ ռեպորտաժում ցուցադեցին ՊԵՏ-սարք (Positron-emission tomography (PET) ): Առանց այդ սարքի, առանց պատրաստված բուժանձնակազմի ոչ իզոտոպն է պետք, ոչ էլ նրանից ստացված դեղամիջոցը: Իզոտոպով «կլիզմա» չեն անում: 2009թ. որոշման մեջ կետ կար այս ամենը նախապատրաստելու մասին: Նախարարին խնդրեք, թող ստուգի՝ իր նախորդները այդ ծրագրի ո՞ր մասն են իրականացրել: Եվ ընդհանրապես, այդ ՊԵՏ սարքը կա՞ Երեւանում, թե՞ հերթական ստախոսությունն է, որ կարելի է բարդել լրագրողի վրա: Այսօր Հայաստանում մարդիկ դեռ մահանում եմ վաղուց բուժելի դարձած հիվանդություններից: Շատ ծանր սոցիալական, բարոյական եւ իրավական պրոբլեներով խնդիր է որոշել, թե սուղ դրամական միջոցները բժշկության ինչ ուղղության մեջ ներդնել: Առողջապահության նախարարին չեմ նախանձում, շատ ծանր հարցեր պետք է լուծի: Ուրախացնող է այն հանգամանքը, որ նա պատրաստ է ոլորտի պատասխանատվությունը վերցնել իր վրա: Ի տարբերություն, ասենք, կրթության նախարարի, ով նույնիսկ Չարենցավանի ինչ-որ դպրոցականների հետ չկարողացավ «լեզու գտնել»: Տղա տարավ վրեքը՝ վարչապետին:
Գիտության մասին նորից ի՞նչ խոսեմ: Բազում անգամ դա արել եմ թվերով, փաստերով: Իմ ֆեյսբուքյան էջում նույնիսկ նախաձեռնել էի ուսումնական ձեռնարկի նման մի բան, թե ինպես են գնահատում գիտական արդյունքը, ինչպես համեմատում: Տիտանական ստախոսությունը, որ տարածում է առ այսօր անփոփոխ ԳՊԿ-ն՝ գիտության պետական կոմիտեն, փորձել եմ մի քիչ գոնե մեղմել: Որպես 15 տարվա պայքարի արդյունք այսօր ունեմ հետեւյալը․ Ինձ հեռացրել են ԵրՖԻ-ից խուլագանության հոդվածով կամ նման ինչ-որ անհեթեթությամբ: Երբ գալիս եմ Երեւան, մեծ դժվարությամբ եմ մտնում ինստիտուտ՝ ադմինիստրացիան «թռնում է» դեմքիս, հետո նայում ԳՊԿ ուղղությամբ, իբր՝ հը՞, լա՞վ եմ քեզ ծառայում: Այս նոր գիտության պատասխանատուների հետ մի քանի անգամ փորձեցի մտնել կոնտակտի մեջ: Չնայած ի սկզբանե ինձ պարզ էր, որ աստվածաբանների, հոգեբանների եւ այլ անբանների հետ ես գիտության մասին խոսելու բան չունեմ: Բայց դե ամեն անագամ մտածում ես, որ կարող է՝ սխալվել ես, ուրիշ ժամանակներ են, վերջիվերջո պարտավորություններ ունես… Եթե նախկինում ԱԺ գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ նույնիսկ ասուլիս տվեցինք՝ չնայած իմ ընդդիմադիր լինելը ակնհայտ էր, ապա ինձ հիմա «հոշոտեցին» քարտուղարուհիների մակարդակով: Նախ նամակներս էին կորում, հետո ԱԺ-ն ստացավ, բայց ուղարկեց ԿԳՆ՝ նորից ճանապարհին կորավ: ԱԺ քարտուղարուհին բացատրեց, որ իմ զահլեն չունեն, ԿԳՆ-ից գռեհիկ ձայնով ինչ-որ աղջիկ ասաց, որ իմ նմանները լիքն են՝ իսկ իրենք հատուկենտ: Հիմա էլ ընկնեմ աղջիկ էրեխեքի՞ն բացատրեմ, որ ես մենակ եմ, իսկ իրենք իրենց շեֆերի հետ անդեմ ու ամենուրեք լցված, որ ես իմ թաղման օրն էլ ավելի հետաքրքիր եմ լինելու, քան նրանց շեֆերը իրենց հարսանիքի օրը… Ավարտեմ 15 տարի առաջ տված իմ մի հարցազրույցի բառերով․ «Երբ երկրում արդեն մարդ ամաչում է ասել, որ ինքը գիտնական է՝ սկսում ես անհանգստանալ ոչ միայն մտավոր աշխատանքի, այլ երկրի բախտի մասին»:




























