Բոլորի համար ակնհայտ է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ անդրադառնալով դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկությանը։
Փաստաբանի խոսքով՝ քննիչը պարտավոր է պահպանել ցանկացած քննչական գործողության գաղտնիություն, ինչը Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքում չի իրականացվել։
«Կնքելով նրա աշխատասենյակը, եւ դռան մոտ ոստիկան կանգնեցնելով, բացահայտ ցույց է տրվում, որ տվյալ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Պետք է ապահովվի տվալ դատավորի հեղինակության եւ անկախության նկատմամբ հարգանքը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի հեղինակությունը ոտնահարվում է, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»,–հայտարարեց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ խուզարկությունից հետո դատավորի աշխատասենյակի կնիքը հանվել է, եւ այժմ այն հասանելի է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Գեորգի Մելիքյանը NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։





























