Ռուսական ՀՕՊ համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ականի հետ «յուրային-օտար» ռադիոլոկացիոն ճանաչման տարբերությունների պատճառով, դրա համար էլ, Անկարայի կողմից ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրի օգտագործումը կարող է փոքր-ինչ դժվարանալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որը Թուրքիային կոչ է արել չգործարկել ռուսական Ս-400 համակարգը։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ս-400 համալիրը, փաստորեն, աշխարհում նմանը չունի։

«Իսկ ամերիկացիների հայտարարություններն այն մասին, թե ռուսական Ս-400-ները կարող են գաղտնազերծել ամերիկյան հինգերորդ սերնդի նորագույն F-35 Lightning II ինքնաթիռների տեխնիկական առանձնահատկությունները, պարզապես անհեթեթություն են»,- ընդգծել է փորձագետը։

Նա նկատել է, որ F-35 Lightning II-ը, ինչպես նաեւ մարտական ինքաթիռների մյուս տեսակները, բավական հաճախ օգտագործվել են ամերիկացիների կողմից Սիրիայում, «Հմեյմիմ» ավիաբազայի կողքին, որտեղ տեղակայված են ռուսական նորագույն ՀՕՊ համակարգեր, ներառյալ Ս-400 «Տրիումֆները»։

«Եթե ռուս մասնագետները կարողանային ինչ-որ բան այնտեղ գաղտնազերծել, ապա վաղուց դա արած կլինեին»,- պարզաբանել է Համբարձումյանը՝ ավելացնելով, որ Վաշինգտոնը պարզապես չի ցանկանում որ Թուրքիան գնի ռուսական Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ, քանի որ այդ դեպքում առաջին պլան է դուրս գալիս տնտեսական մրցակցությունը միջազգային շուկայում սպառազինությունների յուրացման ձեւաչափով։

Ռազմական փորձագետը նշել է, որ Անկարան վաղուց էր ցանկանում թարմացնել իր ՀՕՊ համակարգը՝ գնելով նոր սպառազինություններ, քանի որ նրա տեխնիկական լրակազմը խիստ հնացել է եւ արդիականացման կարիք ունի եւ չէր բավարարում պատերազմի վարման պահանջներին։ Սակայն, շարունակում է Համբարձումյանը, ՆԱՏՕ Թուրքիայի գծով դաշնակիցները չէին շտապում օգնել նրան այդ հարցում։ 

Անկարայի կողմից ռուսական համալիրի գնումը փորձագետը ապտակ  անվանեց Վաշինգտոնին, քանի որ ստացվում է, որ ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրը , որոշ ուղղություններում, ի զորու չէ կամ չի կարող մրցակցել ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի հետ՝ չնայած բազմակողմանի պատժամիջոցներին, որոնք Արեւմուտքը  կիրառել էր Կրեմլի դեմ:

«Եվ նման պայմաններում Ռուսաստանը հաջողացնում է աշխարհին առաջարկել զենք, որը չունի նմանը: Այսինքն ռուսները զենք ունեն, որը սպառազինությունների միջազգային շուկայում ընդհանրապես մրցակից չունի: Դա ամենից շատն է  զայրացնում ԱՄՆ-ին», - ընդգծեց Վան Համբարձումյանը:

Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ Վաշինգտոնը Անկարայի կարիքն ունի եւ չի պատրաստվում վերջնականապես փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ մտադիր է այսուհետ առաջ տանել իր շահերը տարածաշրջանում եւ, մասնավորապես Մերձավոր Արեւելքում:

Հարցին՝ արդյոք Կրեմլը չի գնում որոշակի ռիսկերի, Անկարային վստահելով իր առաջավոր զենիթահրթիռային համալիրները, հաշվի առնելով այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից մեկն է, իսկ ՌԴ արեւմտյան մրցակիցները վաղուց են երազել տիրանալ նորագույն ռուսական համալիրի գաղտնիքներին, փորձագետն ասաց, որ նման սպառնալիք կա:

«Իսկապես, վտանգ կա, որ ռուսական համալիրի բնութագրիչները կարող են հայտնվել ամերիկյան կամ բրիտանական հետախուզության ձեռքում: ՌԴ համար այդ զենքն ունի ռազմավարական նշանակություն եւ վտանգը, որ բոլոր տեխնիկական եւ տեխնոլոգիական բնութագիրչները կարող են հայտնվել ԿՀՎ ձեռքում, իհարկե, շատ մեծ է, քանի որ Սիրիայում Մոսկվան եւ Անկարան լուրջ տարաձայություններ ունեն եւ ոչ ոք չգիտի, թե ինչի կաող են դրանք հանգեցնել», - պարզաբանեց Համբարձումյանը:

Ընդ որում նա հավելեց, որ  С-400 «Տրիումֆ»-ի գնումը կարող է մեծացնել  Թուրքիայի կախվածությունը Կրեմլից, քանի որ երկրի ՀՕՊ ապագան, ըստ էության կախված կլինի սպառազինության ռուսական մատակարարումներից:

«Կարծում եմ Մոսկվայում այս ամենը հաշվի են առել: Չեմ կարծում, որ ՌԴ-ում եւ «Ռոսօոբորոնէքսպորտում» հատկապես, ոչ ոք դա հաշվի չի առել: Այլ բան է, որ սպառնալիքը կա, քանի որ Թուրքիայում կա «Ինջիրլիկ» ռազմական բազան, որտեղ գտնվում են ամերիկյան զինվորականները, այդ թվում ոչ միայն օդաչուներ, այլեւ հետախուզության ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են ռադիոտեխնիկական հետախուզությամբ», - եզրափակեց ռազմական փորձագետը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ էր արել չգործարկել ռուսական C-400 համակարգերը։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ կնախընտրեր C-400- պատճառով պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի դեմ ։ Նա այդ մասին տեղեկացրել էր հանրապետական օրենսդիրներին երեքշաբթի փակ նիստի ժամանակ։ Միեւնույն ժամանակ, անցած շաբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ այլեւս թույլ չի տա Թուրքիային մասնակցել F-35-ի ծրագրին ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման պատճառով։