«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Թոմ Քաթինային Նուբա լեռներում կփոխարինի երիտասարդ բժիշկ, ԵՊԲՀ շրջանավարտ, «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի բժիշկ Արմեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկանում ենք «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի ֆեյսբուքյան էջից։
Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանի նամակը Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որում նշված է, որ Արմեն Մկրտյանը նախնական համաձայնություն է տվել. ««Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի բժիշկ Արմեն Մկրտչյանը, հավատարիմ բժշկի եւ մարդու իր առաքելությւանը, նախնական համաձայնություն է տվել մեկնել Սուդան եւ փոխարինել բժիշկ Քաթինային՝ օգնելու պատերազմից կեղեքվող Նուբայի բնակչությանը, այդ թվում՝ երախաներին: Հաշվի առնելով, որ բժիշկ Արմեն Մկրտչյանն աշխատում է Ձեր հիվանդանոցում, հայցում ենք Ձեր աջակցությունը՝ նրան Սուդան գործուղելու եւ մարդասիրությունը գործ դարձնելու համար»։
Թոմ Քաթինային փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ վերջինս որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, ս․ թ․ սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականույթունները, պայման-խնդրանքով, որ «Գթության մայր» հիվանդանոցում իրեն փոխարինեն այլ բժիշկներ:




























