Բահրեյնում զանգվածային ահաբեկչությունների մեղադրանքով մահապատժի են ենթարկել երկու մարդու, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ այդ մահապատիժն առաջ է բերել իրավապաշտպանների զայրույթը, իսկ ՄԱԿ մարդու իրավունքների գծով փորձագետները մտահոգություն են հայտնել Ալի ալ Արաբի եւ Ահմեդ ալ Մալալիի մահապատժի հետ կապված։
Բահրեյնի գլխավոր դատախազ Ահմեդ ալ Համմադին ասել է, որ մահապատժի ենթարկված տղամարդիկ, որոնց անունները հայտարարությունում չեն նշվել, հանցակից են եղել ահաբեկչություններին, որոնցից մեկի հետեւանքով զոհվել էր անվտանգության ծառայության աշխատակիցը։
Իրենց հերթին, ՄԱԿ մարդու իրավունքների գծով փորձագետները Բահրեյնին կոչ են արել դադարեցնել մահապատիժների կիրառումը, քանի որ նրանք մտահոգ են, որ մեղադրյալներից ցուցմունքները «կորզվում» են կտտանքների միջոցով։




























