«Նաիրի» ԲԿ-ում գտնվող Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է, նա նույնիսկ հիվանդասենյակում չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Մանվել Գրիգորյանը, ինչպես գիտեք, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, նույնիսկ հիվանդասենյակում: Մենք դիմել ենք Եվրոպական դատարան, դատարանը վարույթ է ընդունել, նաեւ ՄԻՊ-ին ենք խնդրել, որ գնահատական տա: Հուլիսի 31-ի նիստին դիմելու ենք խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, քանի որ այսպես այլեւս հնարավոր, չէ, սա ուղղակի խոշտանգում է»,- ասաց փաստաբան:
Փաստաբանի խոսքով` Մանվել Գրիգորյանը ենթարկվել է նաեւ բժշկական փորձաքննության, սակայն դեռ արդյունքները չեն ստացել:
«Փորձաքննության արդյունքները կախված են նրանից, թե ինչ հրահանգներ են ստացել փորձագետները: Մենք միայն հույս ունենք Մանվելի Գրիգորյանի հերոսությանը, որ ադրբեջանական գերության մեջ դիմացել է, այստեղ էլ կդիմանա»,- եզրափակեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 6-ին, որից հետո նրան դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։




























