Շուրջ 40 հազար լիտր դիզելային վառելիք է թափվել շրջակա միջավայր Չիլիի հարավում CAP լեռնարդյունաբերական եւ պողպատաձուլական ընկերության տերմինալում տեղի ունեցած դեպքի պատճառով, հաղորդում է  Life-ը՝ հղում կատարելով 24 Horas հեռուստաալիքին:

Իշխանությունները արտակարգ դեպքի վայր են ուղարկել նավեր հետեւանքները վերացնելու համար: Ինչպես նշել է տարածաշրջանի ծովային վարչության ղեկավար Ռոնալդ Բաշը, եղանակը դեռ խոչընդոտում է վառելիքի տարածմանը:

«Դեռեւս մենք չենք կարող ասել, որ վառելիքը թափվել է միայն այդ տարածքում, սակայն պետք է սպասենք մեր միջոցների ժամանելուն լիարժեք պատկերացում կազմելու, թե ինչ է այդտեղ կատարվում»,-նշել է Բաշը հեռուստաալիքի եթերում:

Նա հավելել է, որ նավերը կղզի կժամանեն տեղական ժամանակով  հուլիսի 28-ի առավոտյան: Բացի նեղ մասնագիտական խմբի անդամներից, որոնք վերացնելու են արտահոսքի հետեւանքները, դեպքի վայր է ժամանելու դատախազը, որը զբաղվելու է կատարվածի հետաքննությամբ: