ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվող խոշտանգման, ընտրովի արդարադատության պատասխանը վաղը Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացին է տալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։
Նա շեշտեց՝ այսօր դատական իշխանությունը, գտնվելով գործադրի կոշիկի տակ, ոչ միայն չի նպաստում երկրի զարգացմանը, այլ խնդիրներ է ստեղծում ՄԻԵԴ-ում։ «ՄԻԵԴ-ն այսօր անդրադառնում է տարիներ առաջ մարդու իրավունքների խախտումների գործերով բազմաթիվ հայցերի: Դրանք, որպես կանոն, այն գործերն են, երբ դատական իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացրել, որը նաեւ տեղի է ունենում Հայաստանում, ավելին՝ Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ–ն ունի 2 որոշում»,–նշեց փաստաբանը՝ հիշելով յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի՝ ՄԻԵԴ-ի օրերս կայացրած որոշումը:
Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ–ի որոշումները պետք է «սառը ցնցուղ լինեն դատական եւ ընդհանրապես իշխանությունների համար, որ արդարադատության առումով ինչ–որ բան այն չէ»։
Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումը շարունակվում է. «Օրեր առաջ Մանվել Գրիգորյանը հերթական հետազոտությունն է անցել, եւ արձանագրվել է էլ ավելի բացասական դինամիկա: Խոշտանգումը շարունակվում է»:
Նրա փոխանցմամբ՝ վաղն այս գործով կայանալիք նիստին պաշտպանական կողմը հերթական միջնորդությունն է պատրաստվում ներկայացնել` Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին: «Եթե դատարանը նորից մերժի միջնորդությունը, բոլոր փաստաթղթերը կրկին կուղղարկվե ՄԻԵԴ: Մանվել Գրիգորյանն անդամալույծ է, ոտքերը չեն աշխատում: Մենք մեր մեջ մշակույթ պետք է դաստիարակենք, որ կապ չունի ո՞վ է անձը, նրա իրավունքը պետք է պաշտպանվի։
Լրագրողներից մեկը հիշեցրեց այն հակափաստարկը, ըստ որի՝ կալանքի տակ մնալը հենց Մանվել Գրիգորյանի անվտանգությունից է բխում , որովհետեւ հանրությունը հնարավոր է փողոցային արդարադատություն իրականացնի Մանվել Գրիգորյանի նկատմամբ, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Նույն հաջողությամբ յուրաքանչյուրիս պարագայում կարելի է դա ասել: Անձի անվտանգության եւ մնացյալ ամեն ինչի պատասխանատուն երկրի իշխանավորը պետք է լինի։ մենք նայում ենք նման հիվանդությունների դեպքում անձը կարող է մնալ կալանքի տակ, Մանվել Գրիգորյանի դեպքում՝ ոչ»:





























