Դատական համակարգում Արմեն Դանիելյաններ չպետք է լինեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նշենք, որ խոսքն այն դատավորի մասին է, որ վերջին անգամ կալանքի որոշում կայացրեց ռոբերտ Քոչարյանիի նկատմամբ:
«Ոչ ոք չի ասում, որ բոլոր դատավորները լավն են, բայց դա չի նշանակում, որ պետք է ասել, որ բոլոր դատավորները վատն են: Դա չի ճանապարհը: Վերցնել մեգաֆոնները, մտնել դատավորների մեջ եւ փորձել գոռգոռալով ինչ-որ բան փոխել, ոչինչ չի ստացվելու: Հիմա նոր վեթինգից հրաժարվում են, ասում են վարքականոնների փոփոխության մասին: Գուցե պետք է դատավորների կապերի, ունեցվածքի վերստուգման համակարգը փոխել, իրենց նշանակումը պետք է բարդացնել, իրենց գործունեությունը վերստուգելու հնարավորություններ լինեն, բայց կան որոշակի սկզբունքներ, որոնք փոխել չի կարելի:
Պետական համակարգը չինովնիկական համակարգն է, որ իշխանությունները փոխվում են, չինովնիկական համակարգը մնում է: Դատավորները հենց այդ համակարգն են: Նրանք են հենց պետությունը»,-ասաց Սողոմոնյանը:
Նա անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե 30 տարի մենք ոչինչ չենք ունեցել, հիմա նոր ենք ստեղծում. «Դա ապերախտության գագաթնակետն է: Մի քանի սերունդ ստեղծել են պետական ապարատը, մի քանի սերունդ զինվորականներ ստեղծել են բանակը: Ռոբերտ Քոչարյանը մեր բանակի ղարաբաղյան մասի ստեղծողներից մեկն է: Հիմա մենք ասում ենք ՝ այս ամենը սուտ էր, դուք թալանչի եք: Ես վստահ եմ, որ պետական ապարատում, բանակում լավ ծառայողներն ավելի շատ են, քան վատերը»,-ասաց նա:





























