Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել մեր ռազմավարական դաշնակցի մոտ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այսօր կալանավորված է նախկին նախագահ, եւ դա արվել է Սահմանադրության խախտմամբ: Դա շատ վատ նախադեպ է: Նաեւ հասկանալի է, որ նախագահ Քոչարյանն այսօր ռուսական ամենախոշոր կորպորացիաներից մեկի տնօրենների խորհրդի անդամ է եւ այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 11 տարի: Ինձ համար ցավալի է, որ հայտարարություններ են լինում այն մասին, որ Հայաստանում քաղաքական հետապնդում կա: Եթե այս ամենի մեջ ճշմարտության բացահայտում լիներ, ես չեմ կասկածում, ինքը՝ նախագահ Քոչարյանը կասեր՝ եկեք բացահայտենք, վերջացնենք»,-հայտարարեց Սողոմոնյանն ու հավելեց, որ այն հարվածները, որոնք մենք ստանում ենք որպես պետություն, շատ ուժգին են եւ դրանք աֆթերշոկ են ունենալու:
Նա նկատեց, որ այս իրավիճակի վերաբերյալ արձագանքների մասով պետության համար ոչ մի լավ բան ասել չի կարող. «Հուսով եմ, որ կառավարությունում էլ դա մի օր կհասկանան»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեությանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Ոչ մի ճաղ չի կարող մարդուն արգելել զբաղվել քաղաքականությամբ: Վաղը «Գոլոր Արմենիի» թերթում լույս է տեսնելու իր հարցազրույցը: Գրավոր հարցեր էին ուղարկել: Քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրությունները մեկ գրամ անգամ չեն փոխվել, թե ինչ չափով կզբաղվի քաղաքականությամբ, ինչ ձեւով ու չափով, ինքը որոշի:
Այն, որ հիմա շատ բարենպաստ իրավիճակ է նույն «կոնսենսուս մինուս մեկ»-ի համար, նախագահ Քոչարյանի քաղաքական գործունեություն ծավալելու համար, դա միանշանակ է: Մենք ունենք հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, որոնք չեն վախենում հետապնդվել իշխանությունների կողմից: Նախագահ Քոչարյանը քաղաքականության մեջ է անկախ նրանից՝ բանտում է, թե ոչ»:











