ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է ԱՄՆ եւ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համատեղ հաջող փորձարկումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ եւ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վաղեմի համագործակցությունը մեծ առաջընթացի է հասել: Հաջող փորձարկումը 2 երկրների ազգային անվտանգության համար ոչ միայն նշաձող էր, այլեւ օգնել է Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգությանը»,- Twitter-ում նշել է Բոլթոնը:

Նա տեղադրել է Jerusalem Post պարբերականում հրապարակված հոդվածի հղումը, որում ներկայացված են Ալյասկայում որսող հրթիռների 10-օրյա փորձարկումները: Պարբերականի տեղեկություններով՝ սա Իսրայելի սահմաններից դուրս հրթիռների առաջին փորձարկումն էր:

«Հեց-3» («Նետ-3») հրթիռը 2 երկրները մշակում են իսրայելական ՀՀՊ «վերին էշելոնի» ուժեղացման համար, որը, ըստ դրա ճարտարապետների մտահղացման, պետք է արդյունավետորեն հակազդի պոտենցիալ սպառնալիքներին՝ պաղեստինցի գրոհայինների զինանոցի ինքնաշեն ռեակտիվ արկերից մինչեւ իրանական բալիստիկ հրթիռներ:

Փորձարկումների անցկացման մասին կիրակի հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ հրթիռային համալիրը թիրախի մթնոլորտային հաջող որսում է կատարել նախկինում անհասանելի արագություններով եւ բարձրություններում: Նա հավաստիացրել է, որ այս հրթիռն Իսրայելին թույլ կտա խփել Իրանի բալիստիկ հրթիռները, եթե Թեհրանը որոշի հարձակվել հրեական պետության վրա:

Իսրայելական հակահրթիռային սպառազինության մեջ արդեն կան ավելի վաղ մոդիֆիկացիայի Patriot եւ «Հեց» համալիրներ՝ նախատեսված իրանական «շիհաբների» եւ սիրիական «սքադների» դեմ պայքարի համար, ինչպես նաեւ «Երկաթե գմբեթ» մարտկոցներ, որոնք կարող են խփել պաղեստինյան «քասամների» եւ «գրադների» նման փոքր հեռահարության ռեսակտիվ արկերը: Դրանց միջեւ միջանկյալ օղակ է «Դավիթի պարսատիկը»: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրա հիմնական նշանակությունն է 70-ից մինչեւ 300 կմ հեռահարությամբ հրթիռների որսումը, որոնցից առանձնապես շատ ունեն «Հիզբոլլահ»  լիբանանյան շարժման գրոհայինները: