Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Հուհ-Հոտո քաղաքի միջին ատյանի դատարանը ի կատար է ածել սերիական մարդասպանի մահապատիժը, որի հանցագործությունների համար մինչ այդ մահապատժի էր ենթարկվել անմեղ մարդ, ասվում է տեղի դատախազության հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
2015 թվականի փետրվարին Հուհ-Հոտոյի դատարանը մահապատժի էր դատապարտել սերիական մարդասպան Չժաո Չժիհունին, որի հանցագործության համար 1996-ին մահապատժի էր ենթարկվել 18-ամյա մի երիտասարդ, որն իշխանությունների կողմից արդարացվեց միայն 2014-ի դեկտեմբերին։
Երեքշաբթի առավոտյան դատարանը Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանից ստացված օրդերի համապատասխան՝ դատախազության աշխատակիցների ներկայությամբ ի կատար ածեց նրա դատավճիռը։ Տեղեկացվում է, որ այն բանից հետո, երբ ամբաստանյալին կարդացին դատավճիռը, նա հրաժարվեց հանդիպել հարազատներին մահապատժից առաջ։
2005 թվականին Չժաո Չժիհունը խոստովանել էր, որ թալանել է, բռնաբարել եւ կատարել սերիական սպանություններ, որոնց մեջ եւ 1996-ին Հուհ-Հոտո քաղաքի հանրային զուգարանում կատարվածը։ Այդ հանցագործության պատճառով դատարանի սխալով մահապատժի է ենթարկվել երիտասարդը, որն առաջինն էր հայտնաբերել զոհին եւ տեղեկացրել այդ մասին ոստիկանությանը։ Նա անմեղ է ճանաչվել 2014-ի դեկտեմբերին։ Չինաստանի իշխանությունները ներողություն են խնդրել երիտասարդի՝ դատարանում ներկա ծնողներից եւ վճարել 330 հազար դոլար փոխհատուցում։ Դատավճռի համաձայն՝ 1996-ի սեպտեմբերից մինչեւ 2005 թվականը Չժաո Չժիհունը կատարել է վեց սպանություն, տասը բռնաբարություն, սեռական ոտնձգություններ երկու անչափահասի հանդեպ, ինչպես նաեւ մի շարք այլ ծանր հանցագործություններ։ Դատարանը Չժաո Չժիհունին զրկել է քաղաքական իրավունքներից, նշանակել 53 հազար յուան (մոտ 8,4 հազար դոլար) տուգանք եւ պարտավորեցրել վճարել զոհերին 102 հազար յուան (մոտ 14,8 հազար դոլար)։




























