Հայկ Մարությանը ընտրվելիս խոստանում էր լուծել աղբահանության խնդիրը, իսկ Նիկոլ Փաշինյանը երաշխավորում էր այդ խնդիրների լուծումը. մեկ տարի անց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմ է քաշվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության դիմաց հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ քաղաքապետն իր գործառույթները հստակ ժամանակահատվածում չի կարողանում իրականացնել. «Ուստի մենք որպես ավագանու անդամներ չգիտենք, թե քաղաքապետից ինչ պահանջել, որովհետեւ քաղաքապետարանը միայն մեկ կոչ ունի՝ սպասեք ու սպասեք: Բայց այս ամենի արդյունքում «Սանիթեքն» ու քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, որից տուժում է մեր հասարակությունը»,-ասաց Խաժակյանը:
Նա հավելեց, որ «Սանիթեքի» ներդրումները դադարել են, որի պատասխանը պետք է տա եւ ընկերությունը եւ քաղաքապետը. «Թբիլիսիում ասուլիս անելու փոխարեն կարելի էր մի քանի աղբաման ավել գնել ու ասուլիսը հրավիրել Երեւանի գրասենյակում»:
Խաժակյանն ընդգծեց, որ այս հարցով քննարկումներ «Սանիթեքի» հետ չեն ունեցել, իսկ քաղաքապետարանի հետ քննարկումները դադարեցվեցին, երբ իրենք հայտարարեցին, որ միակ լուծումը այն է, որ համայնքը ձեւավորի նոր հիմնարկ եւ «Սանիթեքին» զուգահեռ գործառույթներ իրականացնի:
«Քաղաքապետարանը պետք է քայլ ձեռնարկի. Տեսականորեն պատկերացրեք, որ «Սանիթեքը» չի իրականացնում աղբահանությունը, բայց չի հրաժարվում ամեն ամիս ստանալ վճարվելիք գումարները: Եթե քաղաքապետարանը կամք չունի հրաժարվել դրանից, 5,2 մլրդ դրամ շարունակի վճարել «Սանիթեքին» եւ մի քանի մլրդ դրամ էլ վճարի համայնքային հիմնարկին, մենք բոլորս ենք տուժելու»,-հայտարարեց «Լույս»-ի ղեկավարը՝ հավելելով, որ երբ սկսեցին տուգանել «Սանիթեքին» պարզ դարձավ, որ այդ ընկերությունը ներդրումներ չի իրականացնելու:
Հարցին, թե ո՞րն է ելքը այս իրավիճակում, Խաժակյանը պատասխանեց. «Այլընտրանք չկա, քան «Սանիթեքի» հետ երկու պայմանագրերից մեկի լուծարումը փոխհամաձայնությամբ եւ երկրորդ միջազգային օպերատորի ներգրավումը: Մեր համոզմամբ, այն գումարը, որ մենք տրամադրում ենք քաղաքի աղբահանությանը, բավարար չէ աղբահանությունը իրականացնելու համար:
«Սանիթեքն» իր եղած միջոցներով ի վիճակի չէ ամբողջ ծավալով սպասարկել քաղաքը: Կարծում եմ՝ «Սանիթեքը» ակնկալիք ուներ քաղաքապետարանից աջակցության տեսքով, որը վերջինս օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի տրամադրել, եւ հիմա քաղաքը աղբահանության հարցում ինքնահոսի մեջ է»:




























