ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը  ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով եղել է  հիմնանորոգվող ճանապարհատվածներում:

Առաջին կանգառը Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման  ճանապարհահատվածն է: Այստեղ արդեն ավարտված են  կմ24+860-կմ27+000  2.14 կմ ճանապարհահատվածի վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքները, որն իրականացրել է  «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը:  Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են, որ ներկայումս կատարվում են  ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ:

Նախարար Պապիկյանն այցը շարունակել  է  Մ8 Դիլիջան-Վանաձոր ճանապարհատվածում, շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքը, շինարարության ժամանակ ի հայտ եկող խնդիրները: Այստեղ աշխատանքները նոր են մեկնարկել , նախատեսվում է ճանապարհահատվածը շահագործել մինչև սեպտեմբեր:

Սուրեն Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ զրույցում կարևորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և նշել է, որ նախարարության մշտական վերահսկողության տակ են լինելու ինչպես շինաշխատանքների որակը, այնպես էլ աշխատանքների՝ ըստ ժամանակացույցի  իրականացումը՝ հաշվի առնելով, որ վերանորոգվող ճանապարհատվածները գտնվում են  միջպետական ճանապարհների վրա: Այցի շրջանակում նախարարը եղել է նաև ասֆալտի գործարանում, ծանոթացել ասֆալտի ստացման ընթացքին:

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև  Մ6 Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհատված, որը վերանորոգվում է «Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգում և  բարելավում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է  51.7 կմ: Ներկայումս այստեղ ընթանում են  հողային, ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ:

Սուրեն Պապիկյանը վերանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների  ընթացքը: Նախարարին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և եթե խոչընդոտող հանգամանքներ չլինեն, աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում՝  մինչև 2020 թ. նոյեմբերի վերջ:

Զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզերում տնտեսական ակտիվության առումով նախարարը   ոչ պակաս կարևոր  է  համարել  զարգացած, բարեկարգ ենթակառուցվածքներ  ունենալու հանգամանքը: