Մարտի 20-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները կարեւոր ստուգատես էին Հայաստանի իշխանությունների համար: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի ժողովրդավարական ազգային միությունը (ՀԺԱՄ):

«Ընտրությունների ընթացքն ու արդյունքները արձանագրեցին ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից հնչեցվող բարեփոխման խոստումների կատարյալ սնանկությունը: Քաղաքապետի պաշտոնում վերընտրված ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, կատարյալ ամենաթողության պայմաններում, տեղական  իշխանությունների եւ օլիգարխիկ տարրերի բացահայտ աջակցությամբ` ի ցույց դրեց Հայաստանում ընտրությունների անցկացման մեխանիզմները, որոնք գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից:

Այս ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքը յուրաքանչյուր տիպի այլակարծության եւ փոփոխությունների նկատմամբ, որի դիրքերից այս անգամ հանդես էր գալիս երիտասարդ անկուսակցական թեկնածու Սեւակ Մինասյանը: Հաջող ընտրությունների ձախողմանը մեծապես նպաստեց նաեւ տեղի ոստիկանությունը, որը հանդես գալով բիրտ ուժի դիրքերից նույնիսկ ձերբակալեց ընտրակաշառքը կանխող, Սեւակ Մինասյանի կողմնակից Անուշավան Ալեքսանյանին, ով մինչ այժմ գտնվում է կալանքի տակ:

Նման երեւույթները ստվեր են գցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՙզրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կաշառակերության նկատմամբ՚ հայտարարության վրա, ինչպես նաեւ խորացնում մեր հասարակության մեջ անարդարության զգացումը` տասնյակ հազարավոր մարդկանց ուղղորդելով դեպի Մատենադարանի հրապարակ:

ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է Արմավիրում բացահայտ խախտումներով անցկացված ընտրությունները: Այս ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իշխանական կոալիցիան ապրում է քաղաքական մտքի խորագույն ճգնաժամ եւ չի կարող առաջարկել երկրի զարգացման նոր եւ արդյունավետ ճանապարհներ, առավելեւս, չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում արդար ընտրությունների կազմակերպման եւ անցկացման երաշխավոր:

Այս հանգամանքը պետք է մեծապես մտահոգի ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը եւ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ այսուհետ իրականացվելիք յուրաքանչյուր ՏԻՄ ընտրություն կանխորոշելու է 2012թ. խորհրդարանական ընտրությունների որակը»,- ասված է ՀԺԱՄ հայտարարության մեջ: