Հարավային Կորեայում կրոնական պաշտամունքի առաջնորդ Շին Օկ-յուին 6 տարվա ազատազրկման են դատապարտել՝ իր կողմնակիցներին Ֆիջի կղզում գերեվարելու եւ բռնության ռիսկի ենթարկելու համար, հաղորդում է BBC News-ը:

Շին Օկ-յուն, որը հիմնադրել է ճանապարհային ողորմության եկեղեցին, 2014 թվականին 400 մարդու համոզել է տեղափոխվել Ֆիջի կղզի՝ հայտարարելով, որ հենց այնտեղ նրանց անխուսափելի բնական աղետներից փրկություն է սպասվում:

Կրոնական պաշտամունքի առաջնորդն իր կողմնակիցներից վերցրել է նրանց անձնագրերը: Շատերը հայտնել են, որ իրենց ծեծի են ենթարկել՝ «չար ոգիներին վտարելու համար»:

Շինը ձերբակալվել է անցած տարվա հուլիսին:

Երկուշաբթի Հարավային Կորեայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ բռնություն, անչափահասների նկատմամբ բռնություն եւ խարդախություն: