Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլին:

Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդը Ռուսաստանին աջակցություն է առաջարկել անտառային հրդեհների դեմ պայքարում:

ՌԴ նախագահը Թրամփին անկեղծորեն շնորհակալություն է հայտնել նման ուշադիր վերաբերմունքի եւ օգնության ու աջակցության առաջարկի համար:

Պուտինը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կօգտվի Թրամփի առաջարկից, եւ նրան տեղեկացրել է, որ հիմա Սիբիրում արդեն ստեղծվել է հզոր ավիախմբավորում հրդեհների դեմ պայքարելու համար:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ըստ ԱԻՆ զեկույցների՝ որոշակի դժվարություններով հանդերձ լուծվում են օդանավերի լիցքավորման եւ տեղակայման հարցերը:

Կրեմլի մամուլի ծառայությունից նշել են, որ Պուտինը Թրամփի քայլը գնահատել է որպես գրավական, որ ապագայում կհաջողվի վերականգնել 2 երկրների միջեւ լիաչափ հարաբերությունները:

Համաշխարհային առաջնորդները, մասնավորապես, պայմանավորվել են շփումները շարունակել ինչպես հեռախոսային, այնպես էլ անձնական հանդիպումների ձեւաչափով: