Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որտեղ պահանջում են իշխանություններից ներողություն հայցել Րաֆֆի Հովհաննիսյանից՝ ոստիկանության գործողությունների համար: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արդեն իններորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է Ազատության հրապարակում: Մենք, ներքոստորագրյալներս, ամբողջովին զորակցում ենք նրա գործողություններին եւ կիսում ենք նրա բոլոր մտահոգությունները առանձին եւ ամբողջությամբ վերցված, որոնք եւ ստիպեցին նրան դիմել այս միջոցին: Եվ միայն իշխանությունների վերաբերմունքն է ստեղծված իրավիճակին, որ ստիպոմ է մեզ հանդես գալ այս հայտարարությամբ:

Այն պահից ի վեր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է այս առավել ծայրահեղ, բայց խաղաղ միջոցին, իշխանությունները ուժ չեն խնայում նսեմացնելու նրան եւ ի չիք դարձնելու նրա հսկայական ջանքերն` ուղղված երկրում ճչացող անարդարության վրա ուշադրություն գրավելուն: Իշխանությունները դրանք անում են թե ուղղակի` ոստիկանական ուժերի միջոցով եւ թե անուղղակի` իրենց կամակատար լրատվամիջոցների օգնությամբ:

Մենք հանդես ենք գալիս այս հայտարարությամբ, պահանջելով մեր հայրենակցի իրավունքների ու արժանապատվության պաշտպանությունը, որին եւ նա, եւ յուրաքանչյուր այլ քաղաքացի անվերապահորեն արժանի է:
Մենք պահանջում ենք.

1. Հայաստանի իշխանությունների կողմից անհապաղ ներողության հայցում` ի դեմս Ոստիկանության, որը հետեւողականորեն եւ անմարդկայնորեն ոտնահարում է Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները եւ շարունակական ոտնձգություններով նվաստացնում է նրա անձը` հակաօրինական ձեւով չթույլատրելով վրանի տեղադրումը եւ չապահովելով պայմաններ նրա քաղաքացիական իրավունքների իրականացման համար:

2. Երաշխավորել բոլոր անհրաժեշտ միջոցները` ներառյալ, բայց ոչ միայն, տաքացվող վրանի տրամադրումը, բուժանձնակազմի շարունակական ներկայությունը եւ ամենակարեւորը` ողջ ընթացքում քաղաքավարի եւ հարգալից վերաբերմունք ոստիկանության կողմից»:
Հայտարարությունը բաց է միանալու համար:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ
Երեւանի մամուլի ակումբ ՀԿ
Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Ասպարեզ» լրագրողական ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ