Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, սպասարկման եւ գովազդի բաժնի արդեն նախկին աշխատակից Բաբկեն Մկրտչյանը պնդում է՝ աշխատանքից ազատվել է «Ֆեյսբուք» սոցցանցում քաղաքապետ Հայկ Մարության դեմ գրառումները եւ հատկապես Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումները հավանելու պատճառով։ Նրա խոսքով՝ երկրորդ եռամսյակի ընթացքում ինքը ստացել է աշխատավարձի 50 տոկոսի չափով պարգեւավճար, մինչդեռ քրտնաջան աշխատել է եւ պետք է ստանար 100 տոկոսի չափով, ինչպես եղել է նախորդ եռամսյակի ժամանակ։

«Երբ աշխատավարձը ստանալուց հետո պարզեցի, որ ստացել եմ 50 տոկոսի չափով պարգեւավճար, բարձրացա, հարցրեցի, թե ինչու է իմ պարգեւավճարը 50 տոկոս եղել, ղեկավարներից պատասխանեցին, որ ֆեյսբուքյան «լայքի» համար, ասեցի ի՞նչ լայք, ասացին Բաղդասարյան Ռուսլանի ֆեյսբուքյան գրառումները մի լայքի, քաղաքապետի դեմ գրառումները մի լայքի, ասեցի, որ լայքել եմ աղբի խնդրի մասին գրառումները, վատ բա՞ն եմ անում, պատասխանեցին, որ դա նման է նավով գնալուն ու նավապետին հայհոյելուն։ Ասացի, որ թող նավապետն իրեն լավ պահի, չհայհոյեմ, թե բա՝ դրա համար էլ էդքան ես ստացել»։

Բաբկեն Մկրտչյանի խոսքով՝ թաղապետարանում գոհ են եղել իր աշխատանքից, ինչի վկայությունն է մի քանի օր առաջ գրված բնութագիրը, երբեք կոնֆլիկտներ չեն եղել, բացի նրանից, որ 7-8 ամիս առաջ իր քաղաքական հայացքների եւ ՀՀԿ-ական լինելու համար պահանջել են ազատման դիմում գրել եւ գնալ։ «Ես եղել եմ Առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնում գլխավոր մասնագետ, ամբողջ օրը դրսում եմ եղել, շաբաթ եւ կիրակի օրերին եմ աշխատել, ուստի իմ աշխատանքից դժգոհ լինել չէին կարող, քանի որ ինձանից ավելի շատ աշխատող մարդ այդտեղ չկա, իսկ նրանք, ովքեր մի քանի ամսվա աշխատող են, ստացել են 100-150 տոկոս պարգեւավճար, ինձ ասում են չլայքեիր, դու էլ ստանայիր»,-պատմեց նա։

Դիտարկմանը, թե Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը պնդում է, որ վախեցել է ատեստավորման քննությունից, այդ պատճառով էլ ազատման դիմում է գրել, Բաբկեն Մկրտչյանը պատասխանեց․ «Ատեստավորման քննությունից ես չեմ վախենում, ես ընդունվել եմ որպես առաջին կարգի մասնագետ, 3 քննություն եմ տվել եւ աստիճան առ աստիճան բարձրացել եմ,  ուղղակի պարոն Թումասյանը ասելու ուրիշ բան չի ունեցել»։

 

Բաբկեն Մկրտչյանը նաեւ նշեց, որ հենց դուրս է եկել, աշխատանքի շատ առաջարկներ է ստացել եւ հիմա էլ գործազուրկ չէ, աշխատում է արդեն։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը պարգեւավճարը կրճատելու մեղադրանքներին հակադարձում է՝ պարգեւավճարը վարչական շրջանի կողմից սահմանված պարգեւ է, սահմանված վճար չէ։

Հարցին՝ գո՞հ էին Բաբկեն Մկրտչյանի աշխատանքից, Թումասյանն արձագանքեց․ «Այնքանով էինք գոհ, որքանով ինքը պարգեւավճար է ստացել, նորմալ աշխատում էր, ինչի համար ստանում էր աշխատավարձ, կան մարդիկ որոնք ստացել են 100 եւ 150 տոկոս պարգեւավճար իրենց կատարած հավելյալ աշխատանքի համար։ Իսկ պարգեւավճար կրճատելը անգրագետ մարդու արտահայտություն է, քանի որ պարգեւավճարը սահմանված վճար չէ։ Մենք պարտավոր չենք մարդուն պարգեւավճար տալ, քանի որ իր պարտականությունների կատարման համար նա ստանում է աշխատավարձ,  ինքն այդ պարգեւավճար աշխատավարձի 50 տոկոսի չափով ամեն դեպքում ստացել է, ինքը հիմա պետք է շնորհակալ լինե՞ր, թե՞ մի հատ էլ դժգոհեր»։

Թումասյանը Բաբկեն Մկրտչայնի ազատումը կապում է ատստավորման քննությունների հետ․ «Այդ անձնավորությունը վախեցավ խայտառակ լինել ատեստավորման ժամանակ եւ ազատման դիմում գրեց։ Իր բնավորության համաձայն ինքը պետք է պատրվակ է ընտրեր եւ ընտրեց ծիծաղելի պատճառ՝ պարգեւավճարի կրճատում»։

Հարցին՝ ինչո՞ւ պետք է խայտառակ լիներ ատեստավորման ժամանակ, չուներ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դժվարացավ պատասխանել․ Չեմ կարող ասել, քանի որ չեմ ստուգել, պետք է ատեստավորման ժամանակ ստուգվեր»։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Հարությանը գրել էր, որ Բաբկեն Մկրտչյանին հասցրել են նրան, որ աշխատանքից ազատման դիմում գրի ու դուրս գա․ «Դավթաշենի համայնքապետարանում 8 տարի աշխատած, մարտի 1-ի դեպքերին հաշմանդամության 3-րդ կարգ ստացած, երիտասարդ ընտանիքի հայր ու ամենակարեւորը օրեր առաջ նման ծառայողական բնութագիր ստացած մարդուն` Մարության Հայկին դեմ լայք տալու համար հասցնում են նրան, որը 8 ամսյա պայքարից հետո դիմում գրի դուրս գա աշխատանքից:

Ու սա դեռ ամենը չէ` մի քանի ամսվա աշխատողին( բնականաբար ձերքայլական), բաժնի պետին ... իրենցականներին տալիս են 150 % պարգեւավճար, իսկ 8 տարվա փորձառու աշխատողին` 50 %:

Էս չեք? էսպիսի ճղճիմ քայլերից հետո մտածում եք , որ ձեզ պիտի հավատան?

Շատ արխային չընկնեք, ավելին ` ձգվեք, թե շուտով վերադառնալու եք ձեր հին գործին»: