Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ Նիկոլ Փաշինյանի դեմ կիրառվող գործողությունները որակել է որպես ցինիզմ, որն ուղղված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ` բոլորին:
«Վերջին շրջանում տեւական ժամանակ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացնում է մի գործողություն, որով հենց ինքը փայլուն ապացուցում է, որ նրան պահում է որպես քաղբանտարկյալ։ Չնայած ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն տրված խոստումներին, նրան լիակատար զրկել են նամակագրության իրավունքից, անգամ զրկում են գրենական պիտույքներ ունենալու հնարավորությունից։ Այս ամենը ոչ միայն մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված տարրական իրավունքների, այլեւ քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կարգավորող օրենսդրության կոպտագույն խախտում է։ Դրանով վարչախումբը նաեւ ապացուցում է, որ աղմկահարույց այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ մինչեւ «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելը, ուղղված էին եղել նույն՝ նրան լռեցնելու նպատակին։ Երբ ոչինչ չստացվեց, այժմ արդեն բացահայտորեն փոստ չեն հասցվում նրա նամակները կամ նրան զրկում թուղթ ու գրիչ ունենալու հնարավորությունից։ Ստորագույն այս արարքը իրականացվում է Սերժ Սարգսյան, արդարադատության նախարար Հրայր Թովմասյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյան, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Վարդան Սարգսյան շղթայով իջած հրահանգով։
Հայ Ազգային Կոնգրեսը, հասկանալով հանդերձ վարչախմբի եւ մասնավորապես հիշյալ պաշտոնյաների հիմնավորված վախը, դատապարտում է ամոթալի այս արարքը։ Նրանք բոլորը, թող չկասկածեն, պատասխան են տալու օրենքի առջեւ։ Բացառիկ այդ ցինիզմը, ըստ էության, ուղղված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հավասարապես եւ, առաջին հերթին, ողջ լրագրողական աշխարհի, իրավապաշտպան կազմակերպությունների, նույն հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների դեմ, որոնց արձագանքը, իսկ ավելի հաճախ՝ արձագանքի բացակայությունը առնվազն տարակուսանք է հարուցում»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:





























