Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի այս 11 օրերի ընթացքում ամենատարբեր մեկնաբանությունները տրվեցին նրա բողոքի քայլին, որոնցից որոշներն ուղղակի ցինիզմի հարթության վրա էին: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Ցինիզմ, որն այս 20 տարիների ընթացքում իշխանությունները արմատավորեցին մեր կյանքում ու անգամ կառավարման ոլորտում: Ցինիզմ, որը վերածվեց ժողովրդի քվեն բացահայտ կեղծելուն, քաղաքացուն ազատությունից ու իրավունքից զրկելուն, երկրի հարստությունն անխնա թալանելուն, մարդկանց անաշխատանք ու սոված թողնելուն, պետական բյուջեն կողոպտելուն, երկիրն անարդարության ու կամայականության հորձանուտը նետելուն ու հայաթափելուն, ազգային իրավունքներն ուրանալուն:
Եվ ահա, տարբեր տարիների իշխանության ներկայացուցիչներ, ովքեր կշտացան, մի բան էլ ավելին` նախկին սովածից վերածվեցին միլիարդատերերի ու էլիտայի, այսօր չեն կարողանում հասկանալ, թե մանկուց կուշտ ու շատ բան տեսած, լավ կրթությամբ մի հայորդի, ով իր խոստումնալից հեռանկարից հրաժարվել է Ամերիկայում, ինչո՞ւ է դիմում նման ծայրահեղ քայլի:
Քաղքենիների, կերակրատաշտից օգտվածների ու այսօր էլ օգտվողների համար այդպես էլ հասկանալի չէ ինքազոհողության այդ ձեւն ու մարդու ազատության տենչը: Նրանք սովոր են ցավ ու վնաս պատճառել ուրիշին, բայց ոչ իրենց: Նրանք սովոր են ճառել, բայց ոչ զանգ կախել: Նրանք սովոր են անտարբեր մնալ ուրիշի ցավին, ուրիշին «լավություն անել», եթե այդ ուրիշն իր քվեն ու ձայնը տա:
Նրանք չեն գիտակցում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքի ու ահազանգի կոչնակ է հնչեցնում բոլորի համար, հացադուլ է անում սովի մատնված մի ամբողջ հասրակության համար ու կուշտերի փոխարեն: Ու հետն էլ ասում են` չեն հասկանում, թե ինչ է պահանջում: Նմաններին պատասխանեմ` պահանջում է այն, ինչ պահանջում է բողոք ունեցող կամ այդ բողոքը կիսող մեր միլիոնավոր քաղաքացիները:
Հովհաննիսյանը դիմել է այդ ծայրահեղ քայլին, որովհետեւ տարիներ շարունակ «Ժառանգության» հետ միասին փորձել է այդ խնդիրները մտցնել պետական օրակարգ ու լուծում տալ դրանց, բայց մերժվել է: Եվ այո, այսօր թե նա, թե մենք այլեւս պահանջ չունենք ներկայիս իշխանությունից: Մեր ակնկալիքը այն նոր իշխանությունից է, որը պետք է ձեւավորվի արտահերթ ու լուծի հրատապ բոլոր խնդիրները:
Այս պահանջներին միացել են 15 հազարից ավելի մարդիկ, ովքեր այս 13 օրերի ընթացքում այեցել ու զորակցել են Հովհաննիսյանին, շատ շատերը, ովքեր հեռագրերով, նամակներով են զորակցում, ու վստահ եմ` սիրելի ժողովուրդ, նաեւ դուք` ձեր օջախներում»,- ասված է Ս. Սաֆարյանի հայտարարության մեջ, որը կհեռարձակվի «Հ1» հեռուստաընկերությամբ թվականի մարտի 27-ին:
Հիշեցնենք, որ մարտի 14-ից Ազատության հրպարակում հացադուլ է հայտարարել Րաֆֆի Հովհաննիսյանը, դրանով իր անհամաձայնությունը հայտնելով երկրում առկա անարդարություններին ու ապօրինություններին:





























