Տարածքների հարցը դարձել է առաջին լուրջ խնդիրը Ռուսաստանի եւ նրա կողմից ճանաչված Աբխազիայի հարաբերություններում:

Մոսկվան մի տարբերակ է առաջարկել, ըստ որի 160 քառ.կմ տարածք Աբխազիայից անցնելու են Ռուսաստանին: Սուխումը մերժել է Մոսկվայի տարածքային հավականությունները:

Այդ տարածքը գտնվում է Գագրայի շրջանում, Ռիցա լճի ափին: Այդ տարածքի մի մասը խորհրդային տարիներին բաժանված էր երկու մասի: Հենց դա էլ ռուսական կողմի հավակնությունների հիմք է, որը դարձել է երկու պետությունների հարաբերություններում առկա լուրջ խնդրի պատճառ:

Մոսկվայում մարտի 29-ին կայացել է ՌԴ եւ Աբխազիայի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում էլ աբխազական կողմը ներկայացրել սահմանների գծման իր տեսլականը:

Ի դեպ, Ռուսաստանի առաջարկը դատապարտել են նաեւ Վրաստանում: Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն երկուշաբթի կայացած ասուլիսում նշել է, թե գնահատում են առաջարկը որպես Վրաստանի տարածքները յուրացնելու փորձ: