Հրանտ Դինքի սպանության գործը հետաքննող Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի հերթական որոշումը զարմացրել է նաեւ թուրքական մամուլին։
Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ Դինքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը դատարանին հիշեցրել է Տրապիզոնի փոխոստիկանապետի՝ Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանում մարտի 24-ի տված ցուցմունքը, ըստ որի Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի հայրը սպանությունից հետո գնացել էր ոստիկանատուն եւ ասել, որ ինքը Սամասթի հայրն է։
«Փոխոստիկանապետը ցուցմունքում նշել է, թե իրենք Սամասթի հորից հետաքրքրվել էին, թե որտեղ կարող են գտնել որդուն, որին ի պատասխան, հայրը նշել էր, թե որդին մինչ Դինքին սպանելը հաճախակի հանդիպել է Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարներից մեկի հետ»,-հիշեցրել է Դինքի փաստաբանը եւ պահանջել դատարանից հարցաքննել Սամասթի հորը՝ պարզելու թե ո՞վ է այդ հրամանատարը, որ պարբերաբար հանդիպել էր ապագա մարդասպանի հետ։
Սակայն դատարանը անսպասելիորեն մերժել է այդ առաջարկը եւ որոշում կայացրել, որ ժանդարմերիայի հրամանատարի հայտնի դառնալը չի օգնի սպանության իրական մեղավորների բացահայտման գործին։
Թուրքական դատարանի այս որոշումը մեկնաբանվում է որպես Դինքի սպանության իրական կազմակերպիչներին թաքցնելու փորձ։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին մեղավոր ճանաչեց Թուրքիային՝ Հրանտ Դինքի անվտանգությունը չապահովելու համար, քանի որ Դինքի սպանության գործով հետքննության ընթացքում պարզ էր դարձել, որ թե’ ժանդարմերիան, թե’ ոստիկանությունը տեղյակ են եղել նրա դեմ նախապատրաստվող սպանությանը։
2011-ի փետրվարի Ստամբուլի վարչական 10-րդ դատարանը բավարարել է Հրանտ Դինքի եղբայրների հայցն ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության։ դատարանի որոշման մեջ նշվել է, որ ոստիկանությունն ունեցել է բավարար տեղեկություն՝ կանխելու սպանությունը, սակայն թերացել է պարտականությունների մեջ։





























