Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` մարտի 31-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-ռեյին եւ քննարկել երկու ԱԳՆ-երի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը զարգացնելու խնդիրը:
«Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը գալիս է արձանագրելու եւս մի կարեւոր քայլ՝ մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների՝ հատկապես վերջին տարիների վերընթաց զարգացման ճանապարհին» - նշել է Նալբանդյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-ռեյը երկուստեք ընդգծել են, որ hայ-շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, եւ որ երկու երկրների միջեւ մշտապես առկա են եղել աշխարհագրական եւ պատմական ընդհանրություններ եւ այսօր կողմերը կարող են գոհունակությամբ արձանագրել, որ երկու երկրների միջեւ վերջին տարիներին հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ, սերտ քաղաքական երկխոսություն:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին, մասնավորապես արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին` նշելով որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ միջոցներով:
Այս կապակցությամբ տիկին Միշլին Քալմի-Ռեյն ընդգծել է, որ Շվեյցարիան շատ ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքերով` Շվեյցարիան աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող քայլերին:




























