Դեռ վաղ է խոսել այն մասին, որ  Հայ ազգային կոնգրեսը կհայտնվի լուսանցքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի զգուշացմանը, որ ՀԱԿ-ը պետք է «հետ կանգնի իշխանությունների հետ համագործակցելու ճանապարհից», այլապես շուտով կհայտնվի լուսանցքում: Ինչ վերաբերում է Սեֆիլյանի մյուս կոչին, թե պետք է ՀԱԿ-ը փոխի իր «Լեւոն, նախագահ» կարգախոսը,  ՀԱԿ համակարգողը արձագանքեց` նշելով, որ Շարժումը որեւէ կարգախոս չի մտածում ու պարտադրում ժողովրդին, «ժողովուրդն ինքն է ազատորեն վանկարկում իր ցանկալի կարգախոսները»: «Ոչ ոք չի խանգարում այլ մարդկանց դուրս գալ փողոց եւ այլ կարգախոսներ վանկարկել»,-նկատեց ՀԱԿ համակարգողը:

Ինչ վերաբերում է «Սարդարապատ» շարժման մեկ այլ անդամի` Տիգրան Խզմալյանի այն հայտարաությանը, թե Հայաստանը հայտնվել է «Արջամկան օրը» ֆիլմի հերոսի իրավիճակում եւ երկրում խավար է եւ քաղաքական գարուն այդպես էլ չի գալիս, Զուրաբյանն ասաց. «Ով մնացել է` մնացել է խավարի մեջ, մենք չենք մնացել, մենք սկսել ու շարունակում ենք քաղաքական գարունը, եւ ես բոլորին կոչ են անում մանր-մունր, անձնական, կուսակցական, եսապաշտական որեւէ տեսակի դիտարկումներից մի կողմ կանգնել, որովհետեւ այսօր Հայաստանում ծավալվել է մի պատմական պայքար` ժողովրդի ազատագրման համար: Եվ սա իսկապես այդպես է, մենք ամբողջ ժողովրդով այսօր պայքարում ենք բռնապետության դեմ»:

ՀԱԿ համակարգողը  անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի Facebook սոցիալական ցանցում արած հայտարարությանը, ըստ որի Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին «իր ժողովուրդը չի համարել», Լեւոն Զուրաբյանն ասաց. «Նույն Սաֆարյանը նաեւ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ինձ տեսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը: Հավատացեք, բարոն Մյունհաուզենի հետ հավասարվում է, որովհետեւ ինձ չէր կարող տեսնել, ես շատ ուշ եմ եղել Տեր-Պետրոսյանի տանը: Ով հավատում է Մյունհաուզենին, թող հավատա նաեւ Սաֆարյանին»,- առաջարկեց Զուրաբյանը: